Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ժնևում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի Ամերիկայի, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի ղեկավար Ջիաննի Մագազզենիի հետ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Պաշտպանը Մագազզենիին է ներկայացրել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները, մասնավորապես՝ այն լուծումները, որոնք կոչված են ուժեղացնելու օմբուդսմենի հաստատության ինստիտուցիոնալ դերը Հայաստանում:
Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանը, նորմատիվ-իրավական ակտերի կատարելագործմանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:
Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ է կատարվել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրներին, դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռնարկած քայլերին և կատարված աշխատանքներին, ինչպես նաև այն երաշխիքներին, որոնք կոչված են ապահովելու գործնական աշխատանքի բարձր անկախությունը:
Կողմերը երկուստեք պայմանավորվել են շարունակել փոխադարձ աշխատանքային քննարկումները և զարգացնել Հայաստանում մարդու իրավունքների միջազգային չափանիշների ներդրման ուղղությամբ տարվող աշխատանքները: