Վրաստանն ու Ուկրաինան Եվրամիության հետ ազատ վիզային ռեժիմի գործարկման շեմին են

«Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից վեց պետություններից հաջորդը, որն առաջիկա ամիսներին ազատ վիզային ռեժիմ կհաստատի Եվրամիության հետ, Ուկրաինան կլինի:

Երեքշաբթի երեկոյան Եվրախորհրդարանի պատգամավորներն ու Եվրամիության խորհրդի բանակցային խմբի անդամները նախնական համաձայնության են եկել, որի համաձայն Ուկրաինայի քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն կստանան առանց վիզաների մուտք գործել Եվրամիության անդամ բոլոր պետություններ` բացառությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի:

Հաստատված առաջարկի համաձայն, կենսաչափական անձնագիր ունեցող Ուկրաինայի քաղաքացիներին հնարավորություն կտրվի առավելագույնը 90 օրով մտնել շենգենյան գոտու տարածք` առանց Կիևում գտնվող եվրոպական դեսպանություններից մուտքի վիզա ստանալու:

«Սա Ուկրաինայում երկար սպասված որոշման ուղղությամբ իրականացված կարևոր մի քայլ է: Այժմ հերթը Եվրամիության խորհրդինն ու Եվրախորհրդարանինն է», - Twitter-ի իր էջում գրել էր Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:

Երեքշաբթի օրը կայացված որոշումը արդեն առաջիկա ամիսներիին պետք է հաստատի Եվրոպական խորհրդարանի կազմում գործող առանցքային կառույցներից մեկը` Քաղաքացիական ազատությունների հարցերով հանձնաժողովը: Այստեղ հավանության արժանանալու դեպքում որոշումը վերջնական հաստատման համար կփոխանցվի նախ Եվրախորհրդարանի լիագումար նիստի քննությանը, ապա նաև՝ Եվրամիության նախարարների խորհուրդ:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հետ ազատ վիզային ռեժիմի գործարկման ժամկետներին, ապա դատելով Բրյուսելից հնչող հայտարարություններից, դա տեղի կունենա առաջիկա կես տարվա ընթացքում: Այս մասին անցած ամիս Բրյուսել ժամանած Ուկրաինայի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարում էր Եվրամիության գործադիր մարմնի` Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը․ - «Մենք իհարկե քննարկում էինք նաև վիզաների ազատականացման թեման: Դա տեղի կունենա մինչև ամառ»:

Ուկրաինայի հետ վիզային ռեժիմի ազատականացման գծով Եվրախորհրդարանի զեկուցող Մարիա Գաբրիելը Բրյուսելում կայացված որոշումից անմիջապես հետո նշել է․ - «Ազատ վիզային ռեժիմի գործարկումը ուկրաինական հանրության բարեփոխմանն ուղղված կարևոր քայլ է: Եվրախորհրդարանի անդամները համոզված են, որ Ուկրաինայի քաղաքացիներն արժանի են օգտվել Եվրամիության տարածքով ազատորեն տեղաշարժվելու իրավունքից»:

Եվ մինչ Կիևում սպասում են Եվրամիության հետ վիզային ազատականացմանն ուղղված հետագա քայլերի իրականացման` պաշտոնական Թբիլիսին ազդարարում է ազատ վիզային ռեժիմի գործողության մեկնարկի կոնկրետ օրը:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեի խոսքով, դա տեղի կունենա արդեն 26 օրից․ - «Մարտի ութին Վրաստանի հետ կնքված վիզային համաձայնագրի տեքստը կհրապարակվի Եվրամիության պաշտոնաթերթում և դրանից 20 օր անց` մարտի 28-ին, կենսաչափական անձնագիր ունեցող Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան առանց մուտքի վիզաների կարճաժամկետ այցերով մեկնել Եվրամիության երկրներ»: