ԱՄՆ հետախուզություն տնօրենի թեկնածու․ Գլխավոր սպառնալիքներն են Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան

Դեն Քոաթսը Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ, Վաշինգտոն, 28-ը փետրվարի, 2017թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ազգային հետախուզության տնօրենի թեկնածու առաջադրված Դեն Քոաթսի կարծիքով՝ ԱՄՆ-ի գլխավոր սպառնալիքները Ռուսաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան են: Այդ մասին նա հայտարարել է հետախուզության գործերով Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ, որտեղ քննարկվում է նրան այդ պաշտոնում հաստատելու հարցը:

Քոաթսի խոսքով՝ համաշխարհային գործերում Ռուսաստանի հարձակողականությունը մեծ անհանգստության տեղիք է տալիս, և ինչպես նշել է նա՝ այդ ամենին պետք է նայել լայն բացված աչքերով և մեծ չափաբաժին առողջ սկեպտիցիզմով:

Քոաթսը նաև խոստացել է աջակցել ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտության մանրակրկիտ հետաքննությանը:

Ամերիկյան հետախուզությունը Կրեմլին մեղադրում է նախագահական ընտրապայքարին խառնվելու մեջ, որի նպատակը Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելն էր: Մոսկվան, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: