Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 85 անգամ, արձակել՝ շուրջ 1150 կրակոց. ԼՂ ՊՆ

Հայ զինվորները դիրքերում մարտական հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին և լույս 27-ի գիշերը Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 85 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 1150 կրակոց:

Ըստ հաղորդագրության, առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է համապատասխանաբար 9 և 27 արկ:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: