«Մեհրիբան խանումը այդ պաշտոնի ամենաարժանի հավակնորդն է»․ Ադրբեջանի նախագահի աշխատակազմ

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևա

Խորհրդարանի երեք գումարումների պատգամավոր, Հեյդար Ալիևի հիմնադրամի նախագահ, «Ենի Ազերբայջան» իշխող կուսակցության փոխնախագահ, ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների աշխատանքային խմբի ղեկավար, գիմնաստիկայի ֆեդերացիայի նախագահ, UNESCO-ի բարի կամքի դեսպան, այժմ արդեն նաև Ադրբեջանի առաջին փոխնախագահ․․․ իսկ դու ի՞նչ ես արել քո սիրելի կնոջ համար․ այսպես է արձագանքում Թվիթերը Ադրբեջանի առաջին տիկնոջ փխրուն ուսերին ևս մեկ հոգս ավելանալու փաստին:

Այս իրադարձությունը, սակայն, աննախադեպ չէ: Աշխարհում նման բան տեղի է ունեցել Արգենտինայում և «Քարտե տնակ» ամերիկյան հայտնի սերիալում, որի գլխավոր հերոսը՝ ամերիկացի նախագահը, նույնպես իր կնոջը դարձրել է փոխնախագահ:

Թեև Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակները կոշտ քննադատության են ենթարկում իշխող ընտանիքի դիրքերի ամրապնդման հերթական փորձը, միևնույն ժամանակ՝ զարմացած չեն:

Հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևի ռեժիմի ընդդիմախոսները դեռ անցած տարի էին պնդում, որ սահմանադրական հերթական փոփոխությունների նպատակն է քաղաքական ճանապարհ հարթել ոչ միայն առաջին տիկնոջ, այլ նաև Իլհամ Ալիևի զավակների համար, ովքեր այսուհետ կարող են երիտասարդ տարիքից միանալ երկրի կառավարմանը:

Ադրբեջանի իշխող ընտանիքի մութ գործարքները բացահայտած լրագրող Խադիջա Իսմայլովան, ով մեկ տարուց ավելի բանտում է անցկացրել մասնավորապես Մեհրիբան Ալիևայի բիզնեսները, կոռուպցիոն սկանդալները բացահայտելու համար, ասում է, որ առաջին տիկնոջը փոխնախագահ դարձնելը օրենքի խախտում է:- «Ադրբեջանի կոռուպցիայի դեմ պայքարի մասին օրենսդրությունը բացառում է նեպոտիզմը՝ ազգականներին ու մերձավորներին հովանավորելը: Բացի այդ՝ առաջին տիկնոջ անունը առնչվում է բազմաթիվ խոշոր բիզնեսների, օֆշորային ընկերությունների հետ: Նրա բիզնես գործունեությունը արդեն իսկ հակասում էր օրենսդիր գործունեությանը և այլն», - ասել է լրագրողը:

Մեջբերելով Wikileaks-ի բացահայտումները՝ Իսմայլովան կասկածի տակ է դնում Մեհրիբան Ալիևայի քաղաքական փորձն ու գիտելիքները, բայց և շտապում ինքն իրեն ուղղել՝ կարևորը դա չէ:

«Պատահական չէ, որ Բաքվի կենտրոնում քանդվել է 10-11-րդ դարերում կառուցված հայտնի Պատը․ այդտեղ այժմ վեր է հառնում «Փաշաև հոլդինգի» կողմից կառուցված հինգաստղանի հյուրանոցը», - հավելում է լրագրող Խադիջա Իսմայլովան:

52-ամյա Մեհրիբան Ալիևան երբեք էլ չի թաքցրել ուշադրության կենտրոնում լինելու ցանկությունը: Նա Ադրբեջանի թերևս ամենաազդեցիկ, հարուստ ու հայտնի Փաշաևների ընտանիքից է, որի անդամները բարձր պաշտոններ են զբաղեցնում կառավարությունում և ակադեմիական ոլորտում: Հայրը Ավիացիայի ազգային ակադեմիայի ռեկտորն է, հորեղբայրը փոխարտգործնախարար, քույրը Մոսկվայի պետական համալսարանի Բաքվի մասնաճյուղի ռեկտոր: Փաշաևները զբաղվում են շինարարությամբ, անշարժ գույքի առք ու վաճառքով, և ֆինանսական գործունեությամբ:

Մինչ ընդդիմադիրները առաջին տիկնոջ մեծ քաղաքականության նորամուտի կապակցությամբ հայտարարում են, թե այդպիսով Ալիևը ամրապնդում է իր դիրքերը և ապահովագրվում մի շարք վտանգներից, նախագահի աշխատակազմը հակադարձում է՝ Մեհրիբան խանումը այդ պաշտոնի ամենաարժանի հավակնորդն է:

«Դա ընդհանուր կարծիք է՝ հիմնված Մեհրիբան Ալիևայի ձեռքբերումների վրա: Ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրսում նա ունի մեծ հեղինակություն: Վստահ եմ, որ Մեհրիբան Ալիևան այդ պատվավոր ու պատասխանատու պաշտոնում կհասնի նոր հաջողությունների ու ձեռքբերումների», - այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը՝ վերահաստատելով երկրի նախագահի խոսքերը:

«Մեհրիբանը տարիներ շարունակ կարևոր դեր է խաղացել հասարակական ‐ քաղաքական, մշակութային և միջազգային ոլորտներում: Նա ընդհանուր առմամբ բազմակողմանի և հաջող գործունեություն է ծավալել», - երեկ անվտանգության խորհրդի նիստում հայտարարում էր Ադրբեջանի նախագահը: Ի դեպ՝ Ադրբեջանում վերջին անգամ անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրվել ապրիլյան պատերազմի օրերին: