Նալբանդյան-Լավրով հանդիպում՝ եկող շաբաթ Մոսկվայում, կքննարկվի նաև ԼՂ խնդիրը

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները, արխիվ

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովայի, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-ին կայցելի Ռուսաստան։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը Մոսկվայում բանակցություններ կունենա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակում փոխգործակցության խնդիրները», - ասել է Զախարովան։

Հայաստանի արտգործնախարարությունն իր հերթին հայտնում է, որ Նալբանդյանը և Լավրովը կքննարկեն Հայաստան-Ռուսաստան դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը մտքեր կփոխանակվեն տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։

«Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջ մղման նպատակով՝ Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը», - ասված է Հայաստանի արտքին գերատեսչության հաղորդագրությունում։