Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատեց՝ Իլյա երկրորդին փորձել են թունավորել ցիանիդով

Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձե, արխիվ

Վրաստանի գլխավոր դատախազությունը հաստատեց՝ Վրաց ուղղափառ եկեղեցու հովվապետ, կաթողիկոս-պատրիարք Իլյա երկրորդին փորձել են թունավորել ցիանիդով։

«Մենք հայտարարում ենք, որ սպանություն է նախապատրաստվել», - նախօրեին ասել է Վրաստանի գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեն՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե իսկապե՞ս Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքին թունավորելու փորձ է կանխվել։

Վրաստանի գլխավոր դատախազի խոսքով՝ հովվապետին թունավորելու մեջ կասկածվում է Իլյա երկրորդի թերևս ամենավստահելի անձերից մեկը համարվող հայր Գիորգի Մամալաձեն։ Նա հանդիսանում է պատրիարքության ունեցվածքի կառավարման ծառայության ղեկավարը և Սրբեր Հովակիմի և Աննայի բժշկական կենտրոնի տնօրենը։

Հայր Մամալաձեն ձերբակալել է։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քննության տվյալներով՝ Մամալաձեն փորձել է մահացու թույն ձեռք բերել, բացի այդ՝ խուզարկության ժամանակ իրավապահները նրա բնակարանում ապօրինի զենք են գտել։

Շոթաձեի փոխանցմամբ, այս գործով հետաքննությունը սկսվել է, երբ իրավապահներին է դիմել մի քաղաքացի, ով հայտնել է, թե իր ծանոթ եկեղեցականը խնդրել է օգնել գտնել կյանքի համար վտանգավոր թունավոր նյութ՝ ցիանիդ, ինչի դիմաց պատրաստ էր վճարել գումար, ինչպես նաև ծառայության համար խոստացել է պարգևատրում:

«Հոգևորականի հետ հանդիպման ժամանակ դիմումը ներկայացրած անձը պարզել է, որ թույնը հարկավոր է բարձրաստիճան հոգևորականի դեմ մահափորձի համար», - հստակեցրել է Շոթաձեն։

Գիորգի Մամալաձեն ձերբակալվել է փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում, երբ պատրաստվում էր Գերմանիա մեկնել, որտեղ փետրվարի 2-ից բուժում է ստանում Վրաստանի 84-ամյա կաթողիկոսը։

Վրաց եկեղեցին առայժմ չի մեկնաբանում տեղի ունեցածը՝ կոչ անելով սպասել գործի քննության ավարտին։ Փոխարենը՝ Վրաստանի կառավարության ղեկավար Գիորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե հաջողվել է խուսափել մեծ դժբախտությունից։