Ալիևը Բրյուսելում հանդիպումներ կունենա ԵՄ ղեկավարության հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում, արխիվ

Այսօր մեկնարկում են Ադրբեջանի նախագահի պաշտոնական հանդիպումները Բրյուսելում, որոնց նպատակն է քննարկել Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության նոր համաձայնագիրը:

Հաղորդվում է, որ այցի ընթացքում Իլհամ Ալիևը կհանդիպի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոն Կլոդ Յունկերի, արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինիի ու Եվրախորհրդարանի ղեկավար Անտոնիո Տայանիի հետ:

Ալիևի այցին ընդառաջ ավելի քան 7 տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ նամակ են հղել Եվրամիության առաջնորդներին՝ կոչ անելով օգտագործել այս առիթն ու պահանջել, որ պաշտոնական Բաքուն հստակ ու լայնածավալ բարեփոխումներ սկսի ժողովրդարավորության ոլորտում:

Politico պարբերականը փաստում է. - «Ադրբեջանի հետ հարաբերությունները առանցքային նշանակություն ունեն Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը կրճատելու Բրյուսելի ծրագրերում, և կողմերն ակնկալում են, որ մինչև 2019 թվականը Եվրամիությունը Ադրբեջանից շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր գազ կստանա: Ալիևի պաշտոնական այցի դեմ բողոքող հասարակական կազմակերպությունները, մինչդեռ, պնդում են՝ եթե Եվրամիությունը խորացնի կապերը՝ առանց մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ հստակ և էական առաջընթաց երաշխավորելու, կնշանակի՝ այդ հարցերը կարևոր չեն Բրյուսելի համար»:

Իրավապաշտպանները, մասնավորապես, պնդում են, որ տնտեսական հարաբերություններն ընդարձակելուց առաջ Բրյուսելը պետք է պաշտոնական Բաքվից պահանջի անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ընդդիմադիր ակտիվիստներին, բարեփոխել օրենսդրությունը՝ հնարավորություն տալով, որ քաղաքացիական հասարակությունն անարգել աշխատի, ինչպես նաև դադարեցնի հարձակումները ազատ լրագրողների ու մամուլի նկատմամբ:

Նույն հարցով նաև այսօր լսումներ են կազմակերպել Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ, որոնց կմասնակցեն ընդդիմադիր «Մեյդան TV»-ի ղեկավար Էմին Միլին և Ալիևի վարչակազմի կողմից ազատազրկված, ամիսներ առաջ ազատ արձակված հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովան: Զեկույցներով հանդես կգան նաև Եվրախորհրդարանի 4 պատգամավորներ, այդ թվում՝ ավստրիացի Ուլրիկե Լունաչեկը, ում մասին Իլհամ Ալիևը ամիսներ առաջ հրապարակավ ասել էր․ - «Չգիտեմ, թե ինչու, բայց նա ատում է Ադրբեջանը և փորձում է անընդհատ սևացնել մեր հեղինակությունն աշխարհում»:

Եվրախորհրդարանի նախկին փոխնախագահ Լունաչեկն ու քննարկումներին մասնակցող մյուս պատգամավորները նախկինում բազմիցս են քննադատել Ալիևին՝ մարդու իրավունքները կոպտորեն ոտնահարելու, ընդդիմադիրներին ու լրագրողներին ազատազրկելու համար: Նրանք ևս պատրաստվում են հատուկ կոչով դիմել Եվրամիության պաշտոնյաներին՝ հորդորելով այս հարցերը բարձրացնել Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ: