Ամբողջ աշխարհում Թրամփի դեմ «Կանանց երթեր» են անցկացվել

Հունվարի 21-ին Վաշինգտոնում և աշխարհի տարբեր քաղաքներում հարյուր հազարավոր ցուցարարներ փողոց են դուրս եկել «Կանանց երթի»՝ իրենց բողոքը հայտնելով ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնած Դոնալդ Թրամփի դեմ։

Վաշինգտոնում բողոքի ակցիայի մասնակիցները կրում էին բաց վարդագույն գլխարկներ։ «Կանանց երթի» մասնակիցներից մեկը հայտարարել է, որ փողոց է դուրս եկել մինչը 500,000 ցուցարար, թեև ցուցարարների իրական թվի մասին անկախ աղբյուրներից տվյալներ առայժմ չկան։

Երթը ընթացել է ոստիկանության և անվտանգության ծառայությունների ուղեկցությամբ և ընդհուպ մոտեցել Սպիտակ տանը հարող տարածքին, սակայն ոստիկանները մետաղե արգելապատնեշների միջոցով կասեցրել են հետագա առաջխաղացումը մինչև նախագահական նստավայր։

Ոստիկանությունը հայտարարել է, որ երթի հետ կապված ձերբակալություններ տեղի չեն ունեցել։