Բրազիլիայի բանտում բախումներում առնվազն 56 դատապարտյալ է սպանվել

Բրազիլիա - Ոստիկանները որոնում են «Անիսիո Խոբիմ» բանտից բախումներից հետո փախուստի դիմած դատապարտյալներին, Մանաուս, Ամազոնաս նահանգ, 2-ը հունվարի, 2017թ.

Բրազիլիայի Ամազոնաս հյուսիսային նահանգի բանտերից մեկում մի հանցախմբի անդամ դատապարտյալների՝ հակառակորդների վրա հարձակումը վերածվել է արյունալի բախումների, որոնցում առնվազն 56 մարդ է սպանվել, զոհվածներից շատերի մարմինները գլխատված են, խեղված կամ այրված։ Այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները։

Բախումներից հետո 112 դատապարտյալ փախուստի է դիմել տվյալ, 72-ը՝ մերձակա մեկ այլ քրեակատարողական հիմնարկից, առայժմ իրավապահներին հաջողվել է հայտնաբերել և բանտ վերադարձնել նրանցից 40-ին։

Ըստ իշխանությունների՝ կիրակի ցերեկվանից մինչև երկուշաբթի առավոտ շարունակված բախումները հետևանք են երկրի երկու խոշորագույն հանցախմբերի միջև Բրազիլիայի հյուսիսում բանտերի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության ուղիների նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար կատաղի պայքարի։

Լրատվական գործակալությունները նշում են, որ տեղի ունեցածը բրազիլական որևէ բանտում ամենամեծ արյունահեղությունն է 1992 թվականից ի վեր։