«ՄԱԿ-ը հսկայական ներուժ ունի, բայց այն չի օգտագործվում», - Ֆլորիդայում լրագրողների հետ հանդիպմանը ասել է Դոնալդ Թրամփը:
«Դուք ե՞րբ եք տեսել, որ ՄԱԿ-ը խնդիրներ լուծի: Այն միայն խնդիրներ է հարուցում», - ասել է նա և պնդել, որ ՄԱԿ-ը պետք է օգտագործի իր ներուժը՝ «եթե ոչ, ապա այն միայն ժամանակի և փողի վատնում է»:
Նա նշել է, որ ՄԱԿ-ում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար Միացյալ Նահանգները որպես ճնշում պետք է օգտագործի ֆինանսական աջակցության մեխանիզմները:
Թրամփը կոնկրետ չի նշում, թե ՄԱԿ-ում ինչ փոփոխություններ է ցանկանում տեսնել, ինչ փոփոխություններ է առաջարկում, սակայն արդեն մի քանի անգամ նա ասել է, որ հունվարի 20-ին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո ակնկալում է փոփոխություններ ՄԱԿ-ում:
Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի հիմնական դոնորն է և միջազգային խոշորագույն կազմակերպության նոր գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իսկույն արձագանքել է Թրամփի հայտարարություններին:
«Անհրաժեշտ եմ համարում հնարավորինս արագ հանդիպել ընտրյալ նախագահի հետ: Միացյալ Նահանգները ոչ միայն ՄԱԿ-ի հիմնական դոնորն է, այլև ՄԱԿ-ի բոլոր գործողություններում կարևորագույն տարրը», - ասել է Գուտերեշը, ով հունվարի 1-ից ստանձնելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
Ֆլորիդայի իր առանձնատանը խոսելով լրագրողների հետ՝ Թրամփը անդրադարձել է նաև նոր աշխատատեղեր բացելու հարցին, ասելով, թե խոսել է ինտերնետային ծառայություն մատուցող Sprint ընկերության հետ և նրանք պատրաստվում են 5 հազար աշխատատեղ հետ բերել Ամերիկա: OneWeb նոր ընկերությունը պատրաստվում է 3 հազար աշխատատեղ բացել: - «Դա շատ ոգևորիչ է», - ասել է Թրամփը: