Սպիտակ տունը մտադիր է պատժել Ռուսաստանին՝ հաքերային հարձակումների համար

Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Ռուսաստանին պատժելու գործողությունների պլան է մշակում՝ ամերիկյան նախագահական ընտրություններին հաքերային հարձակումներով միջամտելու համար: Փաթեթն իր մեջ ներառելու է ինչպես տնտեսական, այնպես էլ դիվանագիտական պատժամիջոցներ: Բացի այդ նախատեսվում են մի շարք գաղտնի գործողություններ, այս մասին տեղեկացնում է ամերիկյան Washington Post պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Թերթի հետ զրույցում անանուն աղբյուրը նշել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հրապարակային մասը կհայտարարվի այս շաբաթ: Ենթադրվում է, որ կսառեցվեն հաքերային հարձակումների հետ առնչվող անձանց ամերիկյան ակտիվները, կարգելափակվեն այդ անձանց առևտրային փոխանցումները, և կարգելվի նրանք մուտքը երկիր:

Ամերիկյան պարբերականի այս հրապարակումը հաջորդում է նախագահ Բարաք Օբամայի հայտարարությանն այն մասին, որ Միացյալ Նահանգները դիմելու է Ռուսաստանի դեմ պատասխան գործողությունների՝ ամերիկյան ընտրություններին միջամտելու համար:

«Կարծում եմ՝ ոչ ոք չի կասկածում, որ երբ որևէ օտար պետություն փորձում է միջամտել մեր ընտրություններին, մենք պետք է քայլեր ձեռնարկենք: Դրա ժամանակը և տեղը մենք ենք ընտրելու: Մեր պատասխան գործողությունների մի մասը կարող է հրապարակվել, մի մասը՝ ոչ: Պարոն Պուտինը շատ լավ գիտի այս հարցում իմ վերաբերմունքը, ես նրան պարզ հայտնել եմ այդ մասին»,- օրեր առաջ հայտարարել էր Օբաման:

Սպիտակ տունը պնդում է, որ անձամբ Պուտինն է կարգադրել հաքերներին՝ Հիլարի Քլինթոնին վարկաբեկելու նպատակով գրոհների ենթարկել ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի և նախագահության թեկնածուի կայքէջերը, այդպիսով նպաստելով հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակին:

Կենտրոնական հետախուզական վարչությունն էլ հայտարարել է, որ Ռուսաստանն իսկապես փորձել է նոյեմբերի 8-ի ընտրություններում աջակցել Թրամփին: Ընտրյալ նախագահ Թրամփն, ինչպես նաև Կրեմլը կտրականապես հերքում են այդ պնդումները:

Washington Post-ի տվյալներով, Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունման համար հիմք է ծառայելու 2015 թվականին նախագահ Օբամայի ստորագրած հրամանագիրը, որը երկրի ղեկավարին լիազորում է պատասխան քայլեր ձեռնարկել արտասահմանյան կիբերհարձակումների դեմ: