Գերագույն ռադան հավանություն տվեց Սավչենկոյին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու առաջարկին

Նադեժդա Սավչենկոյ, արխիվ

Ուկրաինայի Գերագույն ռադան հավանություն տվեց պատգամավոր Նադեժդա Սավչենկոյին ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու մասին առաջարկին, կողմ է քվեարկել 237 պատգամավոր։

Սավչենյոկին ԵԽԽՎ ուկրաինական պատվիրակության մանդատից զրկելու որոշումը հաջորդում է ռուս անջատականների հետ նրա գաղտնի հանդիպմանը։

Դեկտեմբերի սկզբին, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ ռուսաստանյան բանտում շուրջ երկու տարի անցկացրած ուկրաինացի ռազմական օդաչու Սավչենկոն գաղտնի հանդիպում է ունեցել ռուսամետ անջատականների հետ։ Դեկտեմբերի 7-ին Մինսկում տեղի ունեցած այդ բանակցություններին, որին մասնակցում էին նաև Ռուսաստանի ներկայացուցիչները, ըստ Սավչենկոյի, քննարկվել են գերիների փոխանակման հարցեր։

Ուկրաինայի Անվտանգության ծառայության տվյալներով՝ այդ հանդիպման ընթացքում խոսք է գնացել ոչ միայն գերիների փոխանակման, այլ նաև ապօրինի զինված խմբավորումների մասնակիցներին համաներում շնորհելու և Ուկրաինայի վերահսկողությունից դուրս մնացած Դոնբասի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցեր։ Պաշտոնական Կիևը դեմ է անջատականների հետ ուղիղ շփումներին։

Նշենք, որ Սավչենկոն օրերս հեռացվել էր Գերագույն ռադայի «Բատկիվշինա» կուսակցությունից։ Խմբակցությունը հայտարարել էր, որ իր սկզբունքներն ու քաղաքական համոզմունքները չեն համընկնում։