Ֆրանսիայում արտակարգ դրությունը կարող է երկարաձգվել

«Բատակլան» համերգային ակումբը, որտեղ մեկ տարի առաջ տեղի էր ունեցել 90 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումը

Ֆրանսիացի խորհրդարանականները կողմ քվեարկեցին երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու մասին առաջարկին. վաղը հարցը մտնելու է Սենատի օրակարգ:

Քվեարկությունից առաջ երկրի ներքին գործերի նորանշանակ ղեկավար Բրյունո լե Ռուն ընդգծել է, որ Ֆրանսիայում դեռևս պահպանվում է ահաբեկչական վտանգի բարձր մակարդակը: Երկրի իշխանությունները զգուշանում են ապրիլ-մայիսին սպասվող նախագահական ընտրությունների ընթացքում հնարավոր հարձակումներից:

Ֆրանսիայում արտակարգ իրավիճակը երկարաձգվում է հինգերորդ անգամ 2015 թվականի նոյեմբերից ի վեր Փարիզում 130 մարդու կյանք խլած ահաբեկչական հարձակումներից հետո: Արտակարգ դրության պայմաններում իշխանությունները կարող են խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել առանց դատարանի որոշման, արգելել զանգվածային ակցիաներ, փակել հանրային վայրեր, սահմանափակել տրանսպորտի տեղաշարժը: