Լեհաստանը ռեժիսոր Ռոման Պոլանսկուն չի արտահանձնի Միացյալ Նահանգներին

Օսկարակիր կինոռեժիսոր Ռոման Պոլանսկի

Լեհաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին չի կարող արտահանձնվել ԱՄՆ-ին, որտեղ նա մեղադրվում է անչափահասի բռնաբարության մեջ:

Գերագույն դատարանն այսպիսով վերահաստատեց անցած տարվա հոկտեմբերին Կրակովի դատարանի կայացրած վճիռը: Այն ժամանակ կրակովյան դատարանը կոշտ քննադատության ենթարկեց ռեժիսորի գործով ԱՄՆ-ի նախաքննությունը` հայտարարելով, որ ամերիկյան դատախազները ոտնահարում են «արդար դատական գործընթացների կանոնները»:

Պոլանսկիի փաստաբաններից մեկը հայտարարել էր, որ որոշումը «վերջ է դնում» ֆրանս-լեհական ծագման 82-ամյա ռեժիսորի դեմ իրավական գործընթացներին:

Ռոման Պոլանսկին մինչ օրս ԱՄՆ-ում հետախուզման մեջ է: Ամերիկյան դատախազությունը նրան մեղադրում է 39 տարի առաջ Լոս Անջելեսում նկարահանումից հետո Սամանթա Գեյմերին բռնաբարելու մեջ:Վերջինս այն ժամանակ 13 տարեկան էր, իսկ Պոլանսկին՝ 43:

Աշխարհահռչակ ռեժիսորը նախաքննության ընթացքում խոստովանել էր, որ անչափահասի հետ սեռական կապ է ունեցել, իսկ մինչև գործի դատարան մտնելը փախուստի դիմել ԱՄՆ-ից՝ խուսափելով ազատազրկումից: