Օլանդը չի առաջադրվի Ֆրանսիայի նախագահի ընտրություններում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ չի առաջադրվելու 2017 թվականի ապրիլին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում:

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 62-ամյա Օլանդը այդ մասին հայտնել է Ելիսեյան պալատից հղած հեռուստաուղերձում:

«Առաջիկա ամիսներին իմ միակ պարտականությունն է լինելու ղեկավարել երկիրը», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ըստ France-Press-ի՝ վերնտրվելու համար պայքարից հրաժարվելու մասին Օլանդի հայտարարությունից հետո ակնկալվում է, որ Սոցիալիստական կուսակցության թեկնածու դառնալուն կհավակնի վարչապետ Մանյուել Վալսը, ով օրերս ակնարկել էր, որ նախատեսվող ներկուսակցական ընտրություններում կարող է առաջադրվել իր ղեկավարի դեմ:

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրվելու իրավունքը, հիշեցնենք, ներկուսակցական ընտրությունների արդյունքում նվաճել է նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: