Սերժ Սարգսյանը ցավակցել է Բրազիլիայի նախագահին ինքնաթիռի վթարի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերին՝ Կոլումբիայի Մեդելին քաղաքի մերձակայքում տեղի ունեցած ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի պատճառ է դարձել։

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը վշտակցություն և զորակցություն է հայտնել Տեմերին, Բրազիլիայի ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ոգու արիություն և համբերություն:

Միաժամանակ փաստը, որ ողբերգական վթարից փրկվածներ կան, ըստ Հայաստանի նախագահի, արդեն իսկ առաջ նայելու ուժ է պարգևում:

Կոլումբիայում, հիշեցնենք, երեկ օդանավի կործանման հետևանքով զոհվել է 76 մարդ, այդ թվում՝ բրազիլական ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Չապեկոենսե»-ի խաղացողները, մարզիչներ ու լրագրողներ: