Ուկրաինան պնդում է, որ իր տարածքում Ռուսաստանը գրեթե 30 հազար զինծառայող ունի

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իգոր Դոլհով, արխիվ

Ուկրաինան պնդում է, որ իր տարածքում՝ երկրի արևելքում և Ղրիմում գրեթե 30 հազար ընդհանուր թվակազմով ռուսական զորախմբեր կան։

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Իգոր Դոլհովն ասել է, որ երկրի տարածքում Ռուսաստանը 5 հազարից մինչև 7 հազար 500 զինծառայող ունի՝ չհաշված Ղրիմում գտնվող ռուսական զորքերը, իսկ Ղրիմում Ռուսաստանը 23-հազարանոց զորք ունի, որից 9 հազարը տեղակայված են Ղրիմի և Ուկրաինայի միջև վարչական գծի երկայնքով։

Այս տվյալները Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը լրագրողներին ներկայացրել է նոյեմբերի 29-ին՝ Կիևում կայացած մամուլի ասուլիսում։

Դոլհովը նաև նշել է, որ Ռուսաստանը 55 հազար ընդհանուր թվակազմով զորախմբեր է տեղակայել Ուկրաինային սահմանամերձ ռուսաստանյան շրջաններում։

Պաշտոնական Մոսկվան բազմիցս հերքել է Կիևի պնդումները, թե Ուկրաինայի տարածքում ռուսական զորքեր կան՝ բացառությամբ Ղրիմի մասով, որը Ռուսաստանը բռնակցել է 2014 թվականին։ Մոսկվան ընդունում է Ղրիմում ռուսական զորքերի առկայությունը, սակայն Ուկրաինայի արևելքում՝ Դոնբասում ռուսական զորքերի առկայության մասին պնդումները հերքում է։

Ուկրաինան և արևմտյան երկրները բազմիցս հայտարարել են, որ Մոսկվան ռազմական, տնտեսական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինայի արևելյան՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների ռուսամետ անջատականներին։

Այս ամսվա սկզբին Միջազգային քրեական դատարանը որոշում ընդունեց, որ Ուկրաինայի արևելքի հակամարտությունը միջազգային զինված հակամարտություն է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։

Ուկրաինայի արևելքում 2014 թվականի սկզբին բռնկված զինված հակամարտության արդյունքում, ըստ ՄԱԿ-ի գնահատման, արդեն ավելի քան 9 հազար 600 մարդ է զոհվել։