Լուկաշենկոն Ադրբեջանի մասին՝ «Աստված տա, բոլորի հետ այսպիսի հարաբերություններ լինեն»

Ալեքսանդր Լուկաշենկո, արխիվ

Բաքու մեկնելուց առաջ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում Բելառուսի ղեկավարը, այլ հարցերի թվում, անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը:

«Ադրբեջանը Բելառուսի քաղաքական ու տնտեսական կարևոր և հուսալի գործընկներից մեկն է»: Ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ երկու երկրների հարաբերությունները գնահատելով «ռազմավարական»: Ըստ Բելառուսի առաջնորդի, այդ հարաբերությունների հիմքում ընկած են անկեղծությունը, վստահությունը, բարեկամությունն ու փոխօգնությունը:

Լուկաշենոկն, մասնավորպես, նշել է, թե Մինսկի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում ադրբեջանական նավթը Բելառուսի գործարաններում մշակելու հնարավորությունը, ինչը կնպաստի նաև երկրում քիմիական ոլորտի արտադրության զարգացմանը: Էներգետիկ բնագավառում համագործակցությունը Լուկաշենկոն առաջնահերթ է համարել:

Բելառուսական լրատվամիջոցները նշում են, որ Ադրբեջանի հետ էներգետիկ համագործակցությունը հատկապես ընդգծվում է Ռուսաստանի հետ Մինսկի ունեցած խնդիրների ֆոնին: Ռուսական գազի գնի շուրջ վիճաբանության հետևանքով, Ռուսաստանն այս տարվա երկրորդ կիսամյակի սկզբում կրճատել էր նավթի արտահանումը Բելառուս: Անցյալ ամսվանից Բելառուսը վերականգնել է ադրբեջանական նավթի գնումները:

Որպես բելառուսա-ադրբեջանական բարեկամական հարաբերությունների օրինակ է նշվում նաև 6 տարի առաջ Բաքվի ցուցաբերած «շտապ օգնությունը» Մինսկին: 2010-ի հունիսին 12 օրվա ընթացքում Ադրբեջանը 200 միլիոն դոլարի վարկ տրամադրեց Բելառուսին՝ «Գազպրոմ»-ի հանդեպ կուտակած պարտքը փակելու համար: «Թրենդ»-ի հետ հարցազրույցում, գովաբանելով տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը, Լուկաշենկոն նաև ասել է՝ «Աստված տա, բոլոր երկրների հետ այսպիսի հարաբերություններ լինեն»:

Լուկաշենկոն չի շրջանցել նաև ղարաբաբղյան հակամարտության թեման, ասելով, թե Բելառուսն իրավամբ խաղաղապահի կարգավիճակ է ձեռք բերել, շնորհիվ՝ Մինսկի վարած հավասարակշիռ և պատասխանատու քաղաքականության, «ինչն ամբողջովին ծառայում է ինչպես ազգային շահերին, այնպես էլ եվրոպական տարածաշրջանում կայունության ամրապնդմանը»: Նրա խսքով, այդ անվիճարկելի փաստն ընդունում են նույնիսկ հակառակորդները: Միջազգային հանրության կողմից Մինսկը ընդունվում է որպես ամենահարմար վայրը՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի կարգավորման բանակցությունների համար, շարունակել է Բելառուսի նախագահը:

«Դա վերաբում է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին»,- ասել է նա՝ Բելառուսի վերաբերմունքը շաղկապելով հետխորհրդային երկրների ընդհանուր անցյալի հետ: «Անկեղծորեն ասեմ, ինչպես բելառուսներն անտարբեր չեն Դոնբասի իրադարձությունների հանդեպ, այնպես էլ մեր մարդկանց սիրտը ցավում է Ղարաբաղի համար, և սա պատահական չէ: Չէ՞ որ մենք բոլորս՝ ուկրաինացիները, բելառուսները, հայերը, ադրբեջանցիները, շատ ուրիշ ժողովուրդներ, մի մեծ երկրից ենք դուրս եկել, բարեկամական մի ընտանիքից՝ Խորհրդային Միություն անվանումով: Դրա համար մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ հաստատելու խաղաղություն և հանգիստ, նորմալ կյանք, որտեղ էլ անհրաժեշտ լինի»,- իր հարցազրույցում ասել է Լուկաշենկոն:

«Լեռնային Ղարաբաղի հարցում մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ. խնդիրը կարող է կարգավորվել բացառապես բանակցությունների միջոցով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, Բելառուսը պատրաստ է կողմերին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ այդ հակամարտությունից խաղաղ ելք փնտրելու գործում: Մեր ելակետն այն է, որ մարդկանց համար ավելի բարձր արժեք չկա, քան հայրենի հողում խաղաղությունն ու հանդարտությունը»,- ասել է Բելառուսի նախագահը՝ Ադրբեջան կատարելիք այցից առաջ ադրբեջանական «Թրենդ»-ին տված հարցազրույցում:

Լուկաշենկոն Բաքու է այցելելու մինչև այս ամսվա վերջը: Անցյալ տարի նոյեմբերի վերջին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էր այցելել Բելառուս: