Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ

Օմբուդսմեն Արման Թաթոյան, արխիվ

Ըստ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, օմբուդսմենի տեղակալ Հրաչյա Պալյանի գլխավորությամբ, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության ստորաբաժանման աշխատակիցները և բժիշկ մասնագետը չորեքշաբթի օրը այցելել են Պաշտպանության նախարարության կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալ:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված դիմումների հիման վրա Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների և Հոսպիտալի բժշկական անձնակազմի հետ համատեղ կրկին քննարկվել են զինծառայողների ընտանիքների անդամների կողմից ներկայացված զինծառայողներին պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու հետ կապված մտահոգությունները:

Մասնավորապես, ուսումնասիրվել են զինծառայողներին տրամադրված կանխարգելիչ, բուժական, դեղորայքային օգնության, ախտորոշիչ հետազոտությունների, վերականգնողական բուժման, անցկացված ռազմաբժշկական փորձաքննությունների, ինչպես նաև զինծառայողների բուժման ընթացքի և արդյունքների վերաբերյալ բժշկական փաստաթղթերը:

Այցի ընթացքում առանձնազրույցներ են տեղի ունեցել նաև Հոսպիտալում բուժում ստացող մի շարք զինծառայողների հետ:

«Զինծառայողների առողջական վիճակը տեղում ուսումնասիրելու, համապատասխան բժշկական փաստաթղթերին ծանոթանալու նպատակով նման ձևաչափով իրականացվող համատեղ աշխատանքները և Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների այցերը կրելու են պարբերական բնույթ», - ասված է հաղորդագրությունում։