Գերմանիայի պաշտպանության նախարարը Թրամփին՝ ՆԱՏՕ-ն բիզնես չէ

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, արխիվ

Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հինգշաբթի օրը ZDF հեռուստաընկերության եթերում կոչ է արել Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ։

«Թրամփը պետք է հստակ հայտարարի, թե որ կողմից է՝ օրենքի, ժողովրդավարության և աշխարհակարգի, կամ իր համար միևնույն է, և նա ինքնատիպ տղամարդկային ընկերություն է հաստատում», - ասել է գերմանացի նախարարը։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսակցություններում չի կարելի մոռանալ նրա՝ ո՛չ Ղրիմի բռնակցումը, ո՛չ էլ Հալեպի ռմբակոծումը։

Ֆոն դեր Լեյենն Թրամփին նաև կոչ է արել ՆԱՏՕ-ին չվերաբերվել որպես բիզնեսի։ «Դա ձեռնարկատիրություն չէ։ Սա այն դեպքը չէ, երբ կարելի է ասել՝ «անցյալը ինձ չի հետաքրքրում, արժեքները, որոնք մենք ներկայացնում ենք, ինձ համար կարևոր չեն, ես կտեսնեմ՝ որքան գումար կարող եմ աշխատել, և արդյո՞ք շահավետ գործարք կստացվի»։ Այդպես երկիր չեն կառավարում, և դա ՆԱՏՕ-ի սկզբունքը չէ», - ընդգծել է նա։