Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) քննում է Մոսկվայի հնարավոր միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրարշավին, ուսումնասիրում է Հիլարի Քլինթոնի հետ կապված կեղծ փաստաթղթերը, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Ուսումնասիրվող փաստաթղթերում ասվում է, թե նախընտրական արշավի ժամանակ Քլինթոնը իբր կարող էր դիմել «քաղաքացիական անկարգություններ» կազմակերպելուն, որպեսզի ապահովի իր հաղթանակը:
Ավելի վաղ ԱՄՆ հատուկ ծառայությունները ոչ պաշտոնապես նախազգուշացրել էին, որ Ռուսաստանի առաջնորդած «արշավը ամերիկյան ընտրությունների նկատմամբ վստահության խարխլման ուղղությամբ» կարող է օգտագործել ոչ միայն հաքերային հնարքներ և էլեկտրոնային նամակագրության արտահոսք, այլ նաև ապատեղեկատվություն՝ ընտրական գործընթացում չարաշահումների մասին ստահոդ փաստերի տեսքով: