Մեծ Բրիտանիայի հակահետախուզական ծառայության՝ MI5-ի [MI - Military Intelligence` ռազմական հետախուզություն] ղեկավար Էնդրյու Փարքերը հայտարարել է, որ Ռուսաստանը Մեծ Բրիտանիայի համար հետզհետե աճող սպառնալիք է և իր նպատակներին հասնելու ճանապարհին կիրառում է արդիական բոլոր մեթոդները:
The Guardian-ի հետ զրույցում Փարքերն ասել է, որ այսօր հանրության ուշադրության կենտրոնում իսլամական ծայրահեղականության վտանգն է, մինչդեռ որոշ օտար պետությունների ու մասնավորապես Ռուսաստանի գաղտնի գործողությունները Բրիտանիայի համար մեծ սպառնալիք են դարձել:
«Ռուսաստանն օգտագործում է պետական մարմինների և ուժային կառույցների ընձեռած բոլոր հնարավորությունները օրըստօրե ավելի ագրեսիվ եղանակով՝ քարոզչությամբ, լրտեսությամբ, դիվերսիաներով և հաքերային գրոհներով արտասահմանում իր քաղաքականությունն առաջ տանելու համար»,- ասել է Փարքերը:
Էնդրյու Փարքերը 33 տարի առաջ է միացել MI5-ին, իսկ կառույցի տնօրեն է նշանակվել 2013 թվականին:
Փարքերն ասել է, որ այսօր ռուսներն ակտիվորեն աշխատում են Մեծ Բրիտանիայում և ամբողջ Եվրոպայում, և MI5-ի առաքելությունն է հակազդել դրան: Ինչպես և «սառը պատերազմի» ժամանակաշրջանում, ռուսներն այսօր էլ Բրիտանիայում ունեն հետախուզության մեծ թվով գործակալներ, բայց ավելացել է ակտիվության նոր եղանակ՝ կիբերպատերազմը:
«Ռուսաստանը հետզհետե առավել վճռական ինքն իրեն հաստատում է Արևմուտքի ընդդիմախոսի դերում, և գործողություններն էլ բխում են հենց այդ դիրքորոշումից»,- ասել է Փարքերը՝ որպես օրինակ նշելով Ուկրաինայի և Սիրիայի իրադարձությունները:
The Guardian-ը մի ուշագրավ փաստ է նշում՝ սա հակահետախուզական ծառայության գործող ղեկավարի առաջին հարցազրույցն է MI5-ի պատմության 107 տարիների ընթացքում: Նախկինում էլ հրապարակվել են հարցազրույցներ, սակայն մամուլի հետ համաձայնել են խոսել միայն MI5-ի պաշտոնաթող տնօրենները:
The Guardian-ը նշում է, որ Էնդրյու Փարքերն այս մեկնաբանություններով հանդես է գալիս հենց այն օրերին, երբ կառավարությունը պատրաստվում է հրապարակել կիբերանվտանգության ռազմավարությունը, որը կոչված կլինի պաշտպանել Մեծ Բրիտանիան դրսից բխող ինտերնետային սպառնալիքներից:
Փարքերն ասել է, որ կիբերվտանգը հանրության տեսադաշտում չէ, ինչը բխում է այդ ոլորտի բնույթից, մինչդեռ իրականում դա չափազանց լուրջ և ակտիվ պայքար պահանջող սպառնալիք է: