Վրաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Այսօր Վրաստանում անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: Երկրորդ փուլում ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական ընտրակարգով 50 ընտրատարածքում, որտեղ առաջին փուլում թեկնածուներից ոչ մեկը հաղթանակի չէր հասել:

«Գրուզիա օնլայն» կայքը հաղորդում է բռնությունների մասին: Մառնեուլի շրջանի Շահումյան գյուղում հարվածել են ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության դիտորդ Նանա Մինասյանին:

Ընդդիմադիր առաջնորդներից Խաթունա Գոգորիշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը պատմել է, որ իշխող կուսակցության ներկայացուցիչը ժամանելով ընտրատեղամաս հրահանգել է դուրս հանել ընդդիմադիր դիտորդին:

«Ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահը անվերապահորեն կատարել է անօրինական հրահանգը, իսկ երբ Նանա Մինասյանը չի ենթարկվել՝ հանձնաժողովի անդամներից մեկը հարվածել է նրան», - պատմել է Խաթունա Գոգորիշվիլին: