ՔԿ. 65-ամյա կինը մահացել է թատրոնի շենքում. կատարվում է քննություն

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951 թվականին ծնված Աստղիկ Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

«Նախնական տվյալներով` 2016 թվականի հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել և բեմի վրա ընկնելով` մահացել է 1951 թվականին ծնված Աստղիկ Մուշեղյանը: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն տեղեկացնում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:

«Համապատասխան հարցումներ են ուղարկվել Նարկոլոգիական և Հոգեբուժական կլինիկաներ, հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնական բաժնին՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները», - ասված է հաղորդագրությունում: