«Ձեզ կտանք այնպիսի ջարդ, որը դուք երբեք ձեր կյանքում չեք ստացել»

ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբերի պետ, գեներալ Մարկ Միլլին, արխիվ, Վաշինգթոն, 21 հուլիսի, 2015թ.

Արդյո՞ք ռուս-ամերիկյան վեճը կհանգեցնի ռազմական առճակատման:

Սիրիայի, Ուկրաինայի և համաշխարհային այլ հիմնախնդիրների շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի վեճերը հետզհետե ավելի են շիկանում: Միջազգայնագետների կարծիքով, մոլորակը շատ մոտ է նոր «սառը պատերազմի», իսկ առավել հոռետես փորձագետները ենթադրում են, որ այն, ըստ էության, արդեն մեկնարկել է:

Այս խճճված ու մտահոգիչ իրավիճակում հարց է ծագում՝ իսկ որքանո՞վ է իրատեսական ոչ թե «սառը», այլ «տաք»՝ իսկական պատերազմի վտանգը: Կողմերը զերծ չեն մնում կոշտ հայտարարություններից, թեպետ հավելում են, որ ռուս-ամերիկյան խոշոր ռազմական ընդհարման հավանականությունը՝ առնվազն այսօրվա դրությամբ մեծ չէ:

Թե՞ ռուսները և թե՛ ամերիկացիները միմյանց մեղադրում են անբարյացակամ քայլերի մեջ: Մոսկվայի տեսակետից այդպիսիք են Ուկրաինայի հարցում, մասնավորապես, մալայզիական «բոինգի» կործանման վերաբերյալ Արևմուտքի մոտեցումը, պատժամիջոցները, ՆԱՏՕ-ի «ագրեսիվ տեղաշարժերը Դաշնության սահմանների մոտ», հակաօդային պաշտպանության համակարգերի տեղադրումը, Սիրիայում ահաբեկչական ուժերի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության մերժումը:

Վկայակոչելով այս և ուրիշ հանգամանքները՝ Մոսկվան հրաժարվել է մարտական պլուտոնիումի օգտահանման ռուս-ամերիկյան պայմանագրից, միաժամանակ ասելով. - «Կուղղեք այդ սխալները՝ կվերադառնանք պայմանագրին»:

Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հանրային հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ Ամերիկան ռուսատյացության քաղաքականություն է վարում, և այն սպառնում է Դաշնության կենսական շահերին:

Սա, ըստ արևմտյան մեկնաբանների, փաստորեն, Ամերիկային ներկայացված նախապայմանների ու վերջնագրերի մի մեծ ցանկ է, և հետաքրքիրն այն է, որ Կրեմլում էլ, թերևս, գիտակցում են, որ ԱՄՆ-ը այդ կարգի անլուրջ բլեֆի չի ենթարկվի, բայց հետևություններ, իհարկե, կանի: Եվ դրա դրդապատճառներն էլ են բազմաթիվ:

Կալինինգրադի մարզում են տեղադրվել «Իսկանդեր» տեսակի հրթիռները, ինչը նշանակում է, որ, օրինակ, Բեռլինը տեսականորեն դարձել է թիրախ: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Bild հանդեսին ասել է, որ դրա արդյունքում ստեղծվել է «սառը պատերազմի տարիների համեմատությամբ ավելի վտանգավոր կացություն»:

Ռուսաստանցի մեկնաբան Միխայիլ Ռոստոցկին «Մոսկովսկի կոմսոմոլեցում» գրել է. - «Պատկերացրեք, որ Ամերիկան ոչ թե պատահմամբ, այլ միտումնավոր և ուղիղ հարվածներ հասցնի Ասադի զորքին: Ի՞նչ է անելու Ռուսաստանը, հարվածի ամերիկացիների՞ն, բայց չէ՞ որ դա ճանապարհ է դեպի Երրորդ աշխարհամարտ: Ընդ որում Ասադին շատ պայմանական կարելի է դաշնակից անվանել»:

Ռոստոցկու համոզմամբ, Ռուսաստանը հաջողության դեպքում կարող է մեծ օգուտ ստանալ Սիրիայում, բայց ձախողման դեպքում էլ վնասը կարող է չափազանց մեծ լինել:

«Կարևոր է չմոռանալ, որ մենք Սիրիայում խիստ ռիսկային խաղ ենք վարում», - կարծիք է հայտնում մեկնաբանը:

Մինչդեռ, այս զարգացումներին ուշիուշով հետևում է Պենտագոնը: Վաշինգտոնում ամերիկյան զինված ուժերի զարգացման թեմայով ներկայացուցչական խորհրդաժողովում բարձրաստիճան գեներալները խոսել են Միացյալ Նահանգների առջև ծառացած մարտահրավերների մասին:

Կանխատեսումները բավական մռայլ են և մտահոգիչ: Գեներալ-մայոր Ուիլյամ Հիքսի կարծիքով, տեսանելի ապագայում հնարավոր ոչ միջուկային պատերազմը կլինի չափազանց արագ և մահաբեր: Գերարդիական զինատեսակների կիրառումը կհանգեցնի այնպիսի առճակատման, որը մարդու ուղեղն ունակ չէ նույնիսկ պատկերացնել: Հիքսի կարծիքով, կարող է լինել արյունալի այնպիսի բախում, որն Ամերիկան կորեական պատերազմից հետո չի տեսել: [Կորեական պատերազմում Ամերիկան 30 հազար զինծառայող է կորցրել]:

«Ո՞ր երկիրն է այդքան ագրեսիվ ռազմական մրցակցության մեջ»,- հարցրել է գեներալ Ջոզեֆ Անդերսոնը և պատասխանել` Ռուսաստանը:

Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Մարք Միլլին նույնիսկ ենթադրել է, որ միջազգային մեծ պատերազմը գրեթե անխուսափելի է: Ի դեպ, գեներալը բավական կոշտ նախազգուշացում է հնչեցրել:

«Ուզում եմ հստակ ասել նրանց, ովքեր ցանկանում են մեզ վնաս հասցնել, ավերել մեր և մեր դաշնակիցների, բարեկամների կենսակերպը, Ամերիկայի զինուժը ձեզ այնպիսի ջարդ կտա, որը դուք երբեք չեք ստացել», - ասել է Մարկ Միլլին:

Հարկ է նշել, որ գերտերությունների ղեկավարների մակարդակով, առնվազն հրապարակավ, այս կարգի հայտարարություններ դեռ չեն արվում: