Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել սիրիահայությանն աջակցելու հարցերով

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցելու հարցերով:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջի, մասնավորապես, զեկուցվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ:

Ներկայացվել են նաև վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման և բիզնես ծրագրերին ընդառաջելու հնարավորությունները:

Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան պետական մարմիններին, համագործակցելով Հայաստանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարությունների հետ, շարունակել համակարգված աշխատանքներն այս ուղղությամբ:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար Հայաստանը երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է առաքել Սիրիա: