«Ազատություն»-ը ընտրախախտումներ է արձանագրել Գյումրիում

Տասը ժամից ավելի շրջելով Գյումրու տարբեր ընտրատեղամասերում, «Ազատությունը» երեկ արձանագրեց իրավիճակներ, որոնք արգելված են օրենքով՝ մարդկային կուտակումներ տեղամասային կենտրոնին հարող տարածքներում, տաքսիներով ու ծառայողական մեքենաներով տեղամասեր բերվող ընտրողներ, տեղամասերի մոտ ընտրողների ցուցակներով շրջող անհայտ անձինք և այլն:

Այսպիսի խախտումների մասին էին բարձրաձայնում նաև դիտորդներն ու վստահված անձինք:

«Համախմբում» կուսակցության ներկայացուցիչ Մարգո Մադոյանն, օրինակ, վրդովված էր, ասաց՝ 34/36 ընտրատեղամասում գործող քաղաքապետի գլխավորած «Բալասանյան դաշինք»-ի վստահված անձը ցուցակագրումներ է կատարել, ինքը կանխել է դա, հետո ոստիկանություն է եկել ու միջադեպը հարթվել է:

«Բալասանյանի վստահված անձը հանում էր համարները, վրան գրում էր, որ եկողին թերթիկը տար, որ մտներ ներս ու բռնեցին ձեռքը», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։

Փորձեցինք զրուցել նաև մի շարք ընտրատեղամասերի բակում հավաքված մարդկանց հետ: Հարցին, թե ինչո՞ւ են հավաքվել տեղամասին հարող տարածքում՝ խախտելով օրենքով թույլատրելի 50 մետր շառավիղը, նրանք պատասխանեցին. -«Լավ ենք անում, ձեզ ի՞նչ։ Կենտրոնական փողոց է մեզ համար կանգնած ենք»։

Մի քանի տեղամասերում էլ ընտրողները նկատել են, որ իրենց փոխարեն արդեն ընտրել են: Ընտրատեղամասերից մեկում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը հայտնեց՝ քվեաթերթիկները վերջացել էին, հանձնաժողովի նախագահը հակադարձեց՝ հերյուրանք է:

«Քանի որ պետք է սեղանին հավասար քանակով ծրարներ ու ընտրաթերթիկներ լինեին՝ հարյուր և հարյուր, բայց այնպես էր ստացվել, որ քվեաթերթիկները վերջացել էին, մնացել էին երկուսը և 16-17 ծրար, ինչը մեզ շատ տարօրինակ թվաց, մի պահ մենք անգամ հաշվեցինք այդ սեղանի մոտ գրանցված բոլոր մարդկանց, 99-ն էր, իսկ քվեաթերթիկներից երկու հատ էր մնացել, այսինքն էլի չէր համապատասխանում, մի խոսքով, մի շարք թյուրիմացություններ, մեզ անհանգստացրեց այն, որ մեծ էր տարբերությունը՝ 16 ծրար, երկու քվեաթերթիկ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ՔՊ-ի ներկայացուցիչը։

«Քվեաթերթիկները ընտրողների թվին համապատասխան մեզ տրամադրվել են, անգամ 20 տոկոս ավելին, ինչպես օրենքն է պահանջում, այնպես որ, մենք քվեաթերթիկների հետ կապված որևէ խնդիր չունենք», - հակադարձեց հանձնաժողովի նախագահը։

34/44 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մի քանի ժամում մի անգամից մի քանի խախտում է արձանագրել՝ կրկնաքվեարկությունից մինչև ընտրողների ստորագրված ցուցակներից ապօրինի գրառումներ:

«Բալասանյան դաշինք»-ի վստահված անձը, ՀԱԿ-ի հանձնաժողովի անդամի աջակցությամբ, քաղվածք էր կատարում ընտրողների ստորագրված մատյաններից, և դա նույնպես արձանագրվել է։ Դրա իմաստը հետևյալն է, որ այստեղից հաղորդեն քաղաքապետարան կամ չգիտեմ որևէ տեղ, թե ով չի եկել, որպեսզի վարչական լծակների գործադրմամբ, թե պայմանավորվել են, թե ինչ են արել, ես չգիտեմ։ Հետո հանձնաժողովի անդամը տրցակից անջատած քվեաթերթիկներ է պահել մոտը և այս մի սեղանից քվեաթերթիկ ստացած ընտրողին առաջարկում է ևս մեկ քվեաթերթիկ», - ասաց Փաշինյանը։

«Ընտրողին ճանապարհելուց հետո, ես հետ նստեցի, նույնիսկ ես չեմ էլ նկատել, որ էդ աղջիկը թիվ է նայել, ես չգիտեմ, թե վստահված անձինք, ով որ կուսակցությունից է ընդհանրապես», - Փաշինյանին հակադարձեց ՀԱԿ-ի ներկայացուցիչ Սիլվիկ Հովհաննիսյանը։

Տեղամասերից մեկում էլ երիտասարդ տղան մոտենում էր տարբեր մեքենաներով տեղամաս եկող ընտրողների խմբերին, բարձրաձայն ցուցումներ էր տալիս ու նույն ավտոմեքենայով տեղամասի մոտ շրջում:

«Ազատության» դիտարկմանը, թե գյումրեցիները պնդում են, որ ինքը նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու ընկերն է, նա հերքեց. - «Ոչ, ես «Բալասանյան դաշինք»-ի թիմակիցն եմ»։