Շարմազանով․ «Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»

Լուսանկարը՝ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության

Միջազգային հանրության կողմից Ցեղասպանության զանգվածային դատապարտումը կնպաստի մարդկության դեմ ուղղված նոր հանցանքների կանխարգելմանը: Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Մոնտեվիդեոյում գտնվող Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Ուրուգվայ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը երեկ Ուրուգվայի արտգործնախարար Ռոդոլֆո Նին Նովոայի հետ հանդիպման ժամանակ:

«Ցեղասպանության ճանաչման գործընթացում Ուրուգվայն ստանձնեց առաջամարտիկի դերը՝ օրինակ ծառայելով ամբողջ աշխարհին և այդպիսով ցույց տալով համամարդկային արժեքներին իր հավատարիմ լինելը», - Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ընդգծել է Շարմազանովը:

Հիշեցնենք՝ Ուրուգվայի աշխարհի առաջին պետությունն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ 1965 թվականին:

Հանդիպման ժամանակ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահը հայտարարել է․ - «Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա ամբողջությամբ իրացնելու իր ինքնորոշման իրավունքը՝ հասնելով լիակատար անկախության: Բոլորը՝ այդ թվում ադրբեջանցիները, պետք է ըմբռնեն, որ ԼՂՀ-ն երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Արցախի միջազգային ճանաչումն ընդամենը ժամանակի հարց է»:

Շարմազանովը հավելել է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը հիմնախնդրի հանգուցալուծումը տեսնում են միջազգային հանրության կողմից ընդունված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակում: