Քրգործ՝ երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող վարորդին սպանելու փորձի դեպքով

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Վանիկ Սարգսյանին սպանելու փորձ կատարելու դեպքի առթիվ։

«Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի սեպտեմբերի 5-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 121 շենքի հարևանությամբ գտնվող էլեկտրաէներգիայի բաշխիչ ենթակայանի մոտ, Գ.Խամփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի և պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ և ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող երկու վերք, որի հետևանքով Վ. Սարգսյանը տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն և ենթարկվել վիրահատության», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ նկատի ունենալով, որ առկա են Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, Գ.Խամփերյանը ձերբակալվել է։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ։