«Սասնա ծռերի» անդամ Սմբատ Բարսեղյանը հացադուլ է հայտարարել

«Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանն արդեն 5 օր է ինչ հացադուլ է հայտարարել․ այս մասին տեղեկությունը հաստատեցին Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Սմբատ Բարսեղյանը սեպտեմբերի 1-ից պահանջում է «Սասնա ծռեր» խմբի հրազենային վիրավորում ստացած մյուս անդամներին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

Բարսեղյանի փաստաբան Հայկ Ալումյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ վաղն է տեսակցելու իր վստահորդի հետ ու հենց վաղն էլ կփորձի ճշտել, թե կոնկրետ ո՞ր վիրավորներին ի նկատի ունի Բարսեղյանը:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից փոխանցեցին՝ Սմբատ Բարսեղյանի առողջական վիճակը բավարար է: