Սիրիայում սպանվել է ԻՊ առաջնորդներից մեկը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման խոսնակ Աբու Մուհամադ ալ-Ադնանի, արխիվ

«Իսլամական պետություն»-ը երեկ հայտարարել է, որ ենթադրաբար ամերիկյան օդային հարվածների հետևանքով Սիրիայում սպանվել է խմբավորման առաջնորդներից մեկը:

Ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունեցող Amaq լրատվական գործակալությունը, վկայակոչելով իր «ռազմական աղբյուրը», հաղորդել է, որ սպանվել է «Իսլամական պետության» խոսնակ և բարձրաստիճան հրամանատար Աբու Մուհամադ ալ-Ադնանին:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյան Reuters լրատվական գործակալությանը ասել է, որ թիրախավորել էին Աբու Մուհամադ ալ-Ադնանիին: Պաշտոնյան, այդուհանդերձ, չի հաստատել նրա մահը՝ նշելով, որ դրա պաշտոնական հաստատման համար ժամանակ է պահանջվում: