Ղրիմի բռնազավթումը քննադատելու դեպքում՝ հարկադիր բուժում հոգեբուժարանում

Իլմա Ումերով

«Ղրիմի բռնազավթումը քննադատելու դեպքում՝ հարկադիր բուժում հոգեբուժարանում»․ այդպես են լրատվամիջոցները նկարագրում Ղրիմի թաթարների առաջնորդներից մեկի՝ Իլմա Ումերովի պատմությունը:

Շուրջ քսան տարվա քաղաքական փորձառություն ունեցող գործիչը՝ Ղրիմի թաթարների Մեջլիսի փոխնախագահը, արդեն երկրորդ շաբաթն է Սիմֆերոպոլի դատարանի որոշմամբ հոգեբուժարանում է փորձաքննություն անցնելու համար:

Ավելի վաղ նա հայտնվել էր բանտում, երբ ուկրաինական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարել էր, թե պետք է խստացնել պատժամիջոցները Կրեմլի նկատմամբ և հարկադրել Ռուսաստանին դուրս գալ Ղրիմից ու Դոնբասից:

«Սա մի հոգեբանական ճնշում է, կտտանք, որովհետև եթե առողջ մարդուն պահեն այս պայմաններում, նա որոշ ժամանակ անց կսկսի նմանվել կողքիններին: Հիվանդասենյակներում դռներ չկան, գիշեր-ցերեկ լսում ու տեսնում ես միայն ճչոցներ, հայհոյանք, աղմուկ-աղաղակ», - «Ազատության» ռուսական ծառայությանը պատմել է հոգեբուժարանում գտնվող քաղաքական գործիչը՝ փաստելով՝ ինչ էլ եզրակացնեն բժիշկները, Կրեմլը շահած է դուրս գալու:

«Եթե փորձաքննությունը որոշի, որ ես հիվանդ եմ, դա կստվերի իմ հեղինակությունն ու կհարվածի Մեջլիսի վարկանիշին, եթե որոշի՝ առողջ եմ, կնշանակի, որ իմ դեմ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվելու է և ես կանգնելու եմ դատարանի առջև», - ասել է Ումերովը:

Նրա ղեկավարած կառույցը միակն էր Ղրիմում, որը երկու տարի առաջ դեմ արտահայտվեց Ռուսաստանի հետ միավորվելու հանրաքվեին, հետո էլ կատարվածը բնորոշեց բռնակցում ու օկուպացիա: Ի պատասխան՝ Ղրիմի Գերագույն դատարանը թաթարների Մեջլիսը որակեց որպես ծայրահեղական կառույց՝ արգելելով դրա գործունեությունը Ռուսաստանի տարածքում:

«Հիմա Կրեմլը մեկ նպատակ ունի՝ լռեցնել ինձ ու իմ համախոհներին», - «Ազատությանը» տված հարցազրույցում պնդել է Ումերովը՝ հավելելով,- «Իրականում, սակայն, ստացվեց ճիշտ հակառակը»:

Արդեն մոտ տասն օր է՝ արևմտյան կառույցները ակնդետ հետևում են այս պատմությանը՝ պարբերաբար կոչ անելով Ղրիմի ռուսամետ ղեկավարությանը ազատ արձակել Ումերովին:

«Ընդդիմախոսներին հոգեբուժարաններում լռեցնելն ու վարկաբեկելը, որ լայնորեն կիրառվում էր Խորհրդային Միությունում, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է», - անցած շաբաթավերջին հայտարարել է հեղինակավոր Human Rights Watchը: Նյու Յորքում գործող Freedom House-ը ևս անհիմն է որակել ընդդիմադիր գործչի ազատազրկումն ու հարկադիր բուժումը՝ պնդելով, թե նրա դեմ հարուցված շինծու գործը վերադարձ է դեպի Խորհրդային անցյալ: Նույնաբովանդակ հայտարարություններ են տարածել նաև Եվրամիության ու Ուկրաինայի իշխանությունները:

«Անցած դարի 30-ականները՝ ստալինյան ժամանակները, վերադառնում են», - CNN-ին տված հարցազրույցում ասել է նախագահ Պետրո Պորոշենկոն՝ ընդգծելով,- «Ռուսաստանի ու Ղրիմի բանտերում հարյուրավոր ուկրաինացիներ կան, որ Ումերովի նման ազատազրկվել են իրենց քաղաքական հայացքների համար»:

Չնայած ազատազրկմանն ու հոգեբանական ճնշումներին՝ Ումերովը նախօրեին աղջկա միջոցով ֆեյսբուքյան իր էջում գրառում է թողել Ուկրաինայի անկախության 25-րդ տարեդարձի վերաբերյալ:

«Շնորհավորում եմ, թեև վստահ եմ, որ իրական անկախություն Ուկրաինան ձեռք կբերի միայն Ղրիմի ու Դոնբասի ազատագրումից հետո», - սոցիալական ցանցում գրել է 59-ամյա Ումերովը՝ ընդգծելով՝ հոգեբուժարանում անկախություն ու ազատություն բառերն իր համար բոլորովին այլ իմաստ են ստացել: