Պուտին․ Ռուսաստանը հատուկ մրցումներ կկազմակերպի ռուսաստանցի պարալիմպիացիների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը հատուկ մրցումներ կկազմակերպի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Պարալիմպիկ խաղերից հեռացված ռուսաստանցի մարզիկների համար:

Այսօր Կրեմլում Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի ռուսաստանցի հաղթողների պատգևատրման արարողությանը Պուտինը քաղաքական դրդապատճառներով ռուս պարալիմպիացիներին խաղերից դուրս թողները «ցինիկ» որակեց․ - «Ես խղճում եմ այն մարդկանց, ովքեր ընդունել այդ որոշումը: Նրանք չեն կարող չհասկանալ, որ դա ստորացուցիչ է հենց իրենց համար»:

«Մեր պարալիմպիացիներին որակազրկելու որոշումը դուրս է իրավունքից, բարոյականությունից և մարդկայնությունից», - հավելել է Ռուսաստանի նախագահը:

Վլադիմիր Պուտինը նաև հայտնել է, որ ռուսաստանցի պարալիմպիացիները հնարավորություն կունենան ցույց տալ իրենց վարպետությունը հատուկ մրցումներում, որոնց կկազմակերպի Ռուսաստանի Դաշնությունը:

«Մեր պարալիմպիկ մարզիկներին ցանկանում եմ հայտնել, որ մենք, բնականաբար, աջակցելու ենք ձեզ և հատուկ մրցումներ կկազմակերպենք, որտեղ դուք կարող եք ցուցադրել ձեր վարպետությունը, իսկ հաղթողների և մրցանակակիրների պարգևատրումն այնպիսին կլինի, ինչպիսին այն կլիներ Պարալիմպիական խաղերի արդյունքներով», - ՏԱՍՍ գործակալությունը մեջբերում է Մոսկվա վերադարձած օլիմպիական մարզիկների պարգևատրման արարողության ընթացքում Պուտինի հայտարարությունը:

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն արգելել էր ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը սեպտեմբերի 7-18-ը Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Պարալիմպիական խաղերին դոպինգային սկանդալի պատճառով: