HRW-ը կոչ է արել Մերկելին` Թուրքմենստանի նախագահի նկատմամբ ճնշում գործադրել

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch (HRW) կազմակերպությունը կոչ է արել Գերմանիայի կառավարությանը Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին ստիպել դադարեցնել «բռնի անհետացումները և լուծել մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված մնացած լուրջ խնդիրները երկրում»:

Օգոստոսի 29-ին Բեռլինում նախատեսված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը Թուրքմենստանի նախագահ Բերդիմուհամեդովի հետ: Իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել Մերկելին այդ հանդիպման ընթացքում «սատար կանգնել սեփական կառավարության դեմ պայքարել չկարողացող թուրքմենստանցիներին»:

Հայտարարության մեջ նաև նշված է Թուրքմենստանում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Սապարմամեդ Նեպեսկուլիևի բանտարկությայն մասին, ում թմրանյութերի վաճառքի «կասկածելի մեղադրանք» է առաջադրվել:

«[Թուրքմենստանի] կառավարությունը բանտարկել է «Ազատություն» ռադիոկայանի երեք այլ թղթակիցների ևս՝ նրանց աշխատանքը խոչընդոտելու նպատակով», - ասված է հայտարարության մեջ: