Մերկելը Մոսկվայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման հիմքեր չի տեսնում

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նկատմամբ սահմանված տնտեսական պատժամիջոցները չեղարկելու հիմքեր չի տեսնում: Այս մասին նա հայտարարել է Redaktionsnetzwerk Deutschland գերմանական մեդիահոլդինգի պարբերականների հետ զրույցում:

Մերկելի խոսքով, Ղրիմի բռնակցմամբ և Ուկրաինայի արևելքում ռազմական գործողություններ հրահրելով, Մոսկվան ծանր ճգնաժամ է առաջացրել: «Եվրոպան պետք է արձագանքի համաշխարհային կարգի հիմնարար սկզբունքների այդ խախտումներին»,- հայտարարել է ԳՖՀ կանցլերը:

Ռուսաստանի հադեպ պատժամիջոցների չեղարկման գլխավոր չափանիշը, ըստ Մերկելի, մնում է մինսկյան համաձայնություններին հետևելը: Մերկելը նաև նշել է, որ Բեռլինն ու Փարիզը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ ջանասիրաբար աշխատում են՝ առկա խնդիրները լուծելու ուղղությամբ, փոխանցում է Deutsche Welle-ն: