Փորձագետները քննարկում են ամերիկյան միջուկային զենքը Թուրքիայից դուրս բերելու նպատակահարմարությունը

Ամերիկյան ռազմական ինքնաթիռներ՝ Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում, արխիվ

Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազան, որտեղ ամերիկյան զինուժին պատկանող միջուկային մարտագլխիկներ կան, ԱՄՆ-ի և դաշնակիցների հիմնական հենակետն է՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Թուրքիայում հունիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո ակտիվացել են ամերիկյան միջուկային մարտագլխիկներն այդ երկրի տարածքից դուրս բերելու հարցով քննարկումները, որոնք առայժմ ընթանում են փորձագիտական մակարդակով:

Այդ քննարկումների ֆոնին Euractiv.com կայքը, վկայակոչելով անանուն աղբյուրներ, հաղորդում է, թե ամերիկացիներն արդեն սկսել են Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայինց ատոմային ռումբերը տեղափոխել Ռումինիա: Այդ երկրի արտգործնախարարը, սակայն, անմիջապես հերքել է այդ լուրը՝ պաշտոնապես հայտարարելով՝ դա իրականությանը բացարձակապես չի համապատասխանում:

European Policy Center-ի ավագ փորձագետ Փոլ Իվանն այդ լուրերի առնչությամբ«Թվիթեր»-ում գրել է՝ Ռումինիան ՆԱՏՕ-ի միջուկային փոխանակման քաղաքականության մաս չի կազմում, ուստի՝ նման քայլը քաղաքականապես շատ ռիսկային կլիներ: Ավելի վաղ, այս ամսվա սկզբին, Վաշինգտոնում գործող Stimson Center վերլուծական կենտրոնը զեկույց էր հրապարակել, որում նշել էր, թե հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո «Ինջիրլիք»-ում գտնվող շուրջ 50 ատոմային մարտագլխիկների անվտանգությունը հարցականի տակ է հայտնվել:

«Արդյո՞ք ԱՄՆ-ն կարող է պահպանել իր զենքերի նկատմամբ վերահսկողությունը Թուրքիայում առկա քաղաքացիական տևական հակամարտությունների պայմաններում, այս հարցն անպատասխան է»,- նշված է Stimson Center-ի զեկույցում: Փորձագետները նշել էին, որ միջուկային զենքը թուրքական բազայում պահելը մեծացնում է ահաբեկիչնների կամ թշնամական այլ ուժերի կողմից դրանք զավթելու ռիսկերը:

Սիրիայի հետ սահմանից 110 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Ինջիրլիք»-ը ԱՄՆ-ի և դաշնակիցների հիմնական հենակետն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Հեղաշրջման փորձի ժամանակ «Ինջիրլիք»-ից թռիչքները դադարեցվել էին, իսկ այդ փորձի տապալումից հետո ձերբակալվել էին նշված ավիաբազայում ծառայող մի խումբ թուրք բարձաստիճան պաշտոնյաններ:

Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի միջուկային ծրագրերի տնօրեն Հանս Քրիստենսենը գերմանական «Դոյչե Վելլե»-ին ասել է, թե Թուրքիայում քաղաքական անկայունությունն ու անվտանգության ներկա մակարդակը բավարար հիմքեր են՝ ամերիկյան ատոմային զենքն այնտեղից դուրս բերելու համար: «Չկա որևէ այլ եվրոպական երկիր, որտեղ ԱՄՆ-ն ատոմային զենք պահի այն դեպքում, երբ այդ երկրում բոլորովին վերջերս զինված հեղաշրջման փորձ է կատարվել: Այնտեղ պայթյուններով ու սպանություններով ուղեկցվող իրադարձությունները նման են քաղաքացիական պատերազմի, ի հավելումն՝ դուք 100 կիլիոմետր հեռավորության վրա եք գտնվում պատերազմից ամբողջովին ավերված երկրից՝ Սիրիայից»,- նշել է Հանս Քրիստենսենը:

Այդուհանդերձ, կան նաև հակառակը պնդող զեկույցներ: ԱՄՆ-ի կոնգրեսի ուսումնասիրությունների կենտրոնը, Թուրքիայում հեղաշրջման վերջին փորձից ավելի քան երկու շաբաթ հետո, զեկույց է ներկայացրել, որի եզրափակիչ մասում նշված է՝ «փորձագետներից շատերը համարում են, որ «Ինջիրլիք»-ում տեղակայված զենքերի վերահսկողությունն այս պահին խոցելի չէ»: