Խադիջա Իսմայիլովան Բաքվի դատախազությունից փոխհատուցում է պահանջում

Օգոստոսի 17-ին դատարանը կքննի լրագրող Խադիջա Իսմայիլովայի բողոքը ընդդեմ Բաքվի դատախազության, որի միջնորդությամբ լրագրողը կալանավորվել էր գործընկերոջը ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Իսմայիլովան դատարան է դիմել՝ պահանջելով փոխհատուցում վճարել իրեն շուրջ երեք ամիս կալանքի տակ պահելու անհիմն որոշման պատճառով։

Որպես վնասի փոխհատուցում Իսմայլովան մոտ 18 հազար դոլար է պահանջում, հաղորդում է «Թուրան» գործակալությունը։

Լրագրողը հիշեցրել է, որ ձերբակալվել է 2014 թվականի դեկտեմբերի 5-ին և մինչև 2015 թվականի մարտի 6-ը պահվել է հենց անձին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 1-ին արդարացրել է նրան, բայց դրանից հետո էլ լրագրողին շարունակել են կալանքի տակ պահել։