Օսկանյան. Նոր իշխանության ձևավորումն այլընտրանք չունի

«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյան, արխիվ

Այս երկու շաբաթվա ընթացքում տեղի ունեցող զարգացումները արտացոլումն էին տարիներ շարունակ հայ ժողովրդի մոտ կուտակված հիասթափության, անելանելիության, հուսալքության և դժգոհության, ինչպես նաև խորացող չքավորության, այսօր հայտարարել է «Համախմբում» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը՝ նշելով, որ դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ տեղի ունեցածին։

«Այսպես այլևս հնարավոր չէ կառավարել մեր երկիրը, ուստի անհրաժեշտ են խորքային փոփոխություններ։ Հայաստանում սկսվում է քաղաքական գործընթացի նոր փուլ՝ նոր, լեգիտիմ և գործունակ իշխանություն ձևավորելու նպատակով», - հայտարարել է Օսկանյանը՝ նշելով, որ նոր իշխանության ձևավորումն այլընտրանք չունի. - «Այսօր դա արդեն պարզ է բոլորին, և այդ գործին մասնակից պետք է լինեն իրական փոփոխությունների ձգտող կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, քաղաքացիական նախաձեռնությունները և անհատները»:

«Սա՛ է ժողովրդի պահանջը, և սա՛ է միակ հնարավորությունը` խաղաղ և զարգացող Հայաստան ունենալու», - հայտարարել է «Համախմբում» կուսակցության նախագահը:

Նա նաև նշել է, որ իր կուսակցությունը մյուս քաղաքական ուժերի հետ պատրաստ է ժողովրդին առաջարկել այդ քաղաքական փոփոխություններին միտված գործընթացի ճանապարհային քարտեզը։

«Ես կարևորում եմ նաև Սփյուռքի ներուժի ներգրավումը հայաստանյան փոփոխություններին: Հայաստանի ժողովուրդը կարիք ունի աջակցության, և մենք այն անպայման կստանանք», - ասված է հայտարարությունում:

Այս փուլում նախկին արտգործնախարարը կարևորում է նաև «մի քանի հրատապ խնդիրներ, որոնց լուծմանը պետք է ուղղված լինեն մեր ջանքերը», դրանք են․ - «Մենք պետք է շատ արագ հասնենք վերջին օրերի խաղաղ հավաքների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակմանը` Արմեն Մարտիրոսյանի, Անդրիաս Ղուկասյանի, Ալեք Ենիգոմշյանի և մյուսների: Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն խաղաղ քաղաքացիների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու հանգամանքները բացահայտելուն։ Մենք պետք է հասնենք նրան, որ պատժվեն լրագրողների նկատմամբ ցուցադրական և քստմնելի հարձակումների բոլոր կազմակերպիչներն ու կատարողները»:

«Ես հիմա, առավել քան երբևէ, համոզված եմ, որ քաղաքական կամքի դրսևորման, նեղ անձնական շահերից վեր կանգնելու և համախմբման միջոցով հնարավոր է հասնել դրական փոփոխությունների», - հայտարարել է Վարդան Օսկանյանը: