Երևանի քաղաքապետը Ղարաբաղում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Երևանի քաղաքապետարանի պատվիրակությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը, որին մասնակցել են Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են Երևանի և Ղարաբաղի մայրաքաղաքի ու շրջանների միջև համագործակցության հարցեր:

Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայաստանի մայրաքաղաքի հետ հաստատված ամուր կապերը՝ ընդգծելով, որ այդ գործակցության շրջանակում Արցախում հաջողությամբ իրականացվել և իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ պատվիրակությունը Լեռնային Ղարաբաղում կգտնվի մինչև հուլիսի 17-ը: