ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում դատապարտված հայ գերուն

Կարմիր Խաչի ավտոմեքենա, արխիվ

Ադրբեջանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցչության աշխատակիցները օրեր առաջ այցելել են 2014 թվականի դեկտեմբերին գերեվարված Արսեն Բաղդասարյանին:

Ինչպես ադրբեջանական APA լրատվական գործակալությանը փոխանցել են ԿԽՄԿ գրասենյակից, ռազմագերին և նրա ընտանիքը կազմակերպության միջոցով տեղեկատվություն են փոխանակել:

Հիշեցնենք, անցած տարվա մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը Բաղդասարյանին դատապարտել է 15 տարվա ազատազրկման՝ մեղավոր ճանաչելով հանցավոր կազմակերպությանը անդամակցելու, սպանության փորձ կատարելու, պայթյուն կամ հրդեհ իրականացնելու մեջ՝ ուղղված Ադրբեջանի պաշտպանության կամ տնտեսական անվտանգության դեմ։

Ադրբեջանական կողմը պնդում է, թե նա դիվերսանտ է և գերեվարվել է Աղդամի ուղղությամբ հայկական կողմի հետախուզական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը, մինչդեռ, հերքում է այդ պնդումները, հայտնելով, որ լինելով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող՝ Բաղդասարյանը պարբերաբար ինքնակամ լքել է մշտական տեղակայման վայրը, ինչի համար ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: