Ջեյմս Ուորլիք․ «Շարունակելու ենք ջանքեր գործադրել բանակցություններում առաջընթացի հասնելու համար»

«Միջնորդները պլաններ չունեն շուտափույթ կերպով տարածաշրջան այցելելու, բայց մենք պարբերաբար կապ կպահենք հակամարտության կողմերի հետ», - ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ հուլիսի 11-ին Վիեննայում անցկացված հանդիպման ընթացքում համանախագահները Մինսկի խմբի անդամներին տեղեկացրել են անցկացված բանակցությունների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումների, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած նախագահների հանդիպումների մասին:

«Համանախագահ երկրները շարունակելու են ջանքեր գործադրել խաղաղության համակողմանի պայմանագրի ստորագրման շուրջ կառուցողական բանակցություններում առաջընթացի հասնելու, ինչպես նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն ընդլայնելու, և քննության մեխանիզմների մասին առաջարկներ պատրաստելու ուղղությամբ», - ասել է Ուորլիքը: