36-ամյա երևանցին «ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից և պահանջել 330 հազար դրամ»

ԱԱԾ շենքը Երևանում, արխիվ

Մի քաղաքացու հաղորդման հիման վրա, երեկ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից՝ խարդախությամբ գումար հափշտակելու պահին ԱԱԾ վարչական շենք բերման է ենթարկվել Երևանի 36-ամյա բնակիչ Արտակ Նազարյանը:

«Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հետ որևէ առնչություն չունեցող Արտակ Նազարյանը, ներկայանալով որպես նշված ծառայության աշխատակից, Ս.Խ.-ից պահանջել և փորձել է ստանալ 330.000 ՀՀ դրամ՝ իբր որպես վերջինիս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար օրենքով նախատեսված վարչական տուգանքի գումար, ինչպես նաև խոստացել հետագայում նշված գործունեության հովանավորչություն իրականացնել», - ասված է ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդագրությունում:

Խարդախության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի («Խարդախություն») 1-ին մասի հատկանիշներով: