Ռուսաստանցի նկարիչ Պավլենսկուն զրկել են Հավելի անվան մրցանակից

Պյոտր Պավլենսկի, արխիվ

Աղմկահարույց բողոքի ակցիաներով հայտնի ռուսաստանցի նկարիչ Պյոտր Պավլենսկուն ավելի վաղ շնորհված Վացլավ Հավելի անվան մրցանակը չեղյալ է հայտարարվել: Human Rights Foundation միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը արվեստագետին մեղադրում է «բռնություն կիրառող խմբերին» աջակցելու մեջ:

Ավելի վաղ կազմակերպությունը փորձել էր համոզել Պավլենսկու կնոջը՝ Օքսանա Շալիգինային, չփոխանցել դրամական մրցանակը «բռնություն կիրառող խմբերին»:

Սակայն արվեստագետը հրապարակայնորեն խոստովանել է, որ աջակցում է «Պրիմորսկի պարտիզանների» գործունեությանը, որոնք դատապարտվել են Ռուսաստանի իրավապահ մարմինների աշխատակիցների սպանության համար: Միևնույն ժամանակ, Պավլենսկին նշել է, որ գումարը անմիջականորեն չի փոխանցել խմբավորման անդամներին, այլ ուղարկել է հիմնադրամ, որը զբաղվում է փաստաբաններին վճարումներով:

Human Rights Foundation-ի կարծիքով՝ «Պրիմորսկի պարտիզաններին» աջակցելը «հակասում է Հավելի ստեղծագործ ու խաղաղ ժառանգությանը»:

Կազմակերպության ներկայացուցիչներն ընդգծել են, որ մրցանակը չի կարող օգտագործվել հօգուտ այն անձանց, ովքեր որոշել են «ոստիկանների դեմ մահացու բռնություն կիրառել»: