Մամեդովը չի շտապում արձագանքել Զախարովայի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ադրբեջանցի խորհրդարանականն էլ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին հայամետ լինելու մեջ է մեղադրում:

Պաշտոնական Մոսկվան անբարեխիղճ և խեղաթյուրված է որակում ադրբեջանական կողմի պնդումները սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքների մասին:

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում հակադարձել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի հայտարարությանը, որի համաձայն՝ Սանկտ Պետերբուրգում ղարաբաղյան հարցով տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը հասել են հակամարտության փուլային կարգավորման վերաբերյալ պայմանավորվածության:

Ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ադրբեջանցի պաշտոնյան, հիշեցնենք, պնդում էր, թե «նախ՝ հայկական կողմը հանձնում է հինգ շրջանները, ապա՝ ևս երկու շրջան, և միջանցք է բացվում, այնուհետև որոշվում է Ղարաբաղի կարգավիճակի հարցը»։ «Կողմերը նման համաձայնության են եկել», - հայտարարում էր Մամեդովը:

«Դա Ադրբեջանի կողմից ձեռք բերված համաձայնությունը սեփական տեսանկյունից մեկնաբանելու փորձ է», - շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Վկայակոչելով պետերբուրգյան հանդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարության տեքստը՝ Զախարովան կոչ է արել առաջնորդվել միայն հայտարարության բնօրինակով, «այլ ոչ թե հանդիպման արդյունքները մեկնաբանելու փորձ հանդիսացող բավականին անբարեխիղճ հայտարարություններով»:

Սոցիալական ցանցերում ակտիվությամբ աչքի ընկնող Նովրուզ Նամեդովը, ով սովորաբար կայծակնային արագությամբ է արձագանքում իր հասցեին հնչող քննադատություններին, այս անգամ լուռ է: «Փոխարենը՝ Հայաստանի արտգործնախարարի հակադարձող հայտարարություններն էր սուտ որակել, մինչդեռ Զախարովայի դեպքում չի արձագանքում․ երևի պարկեշտությունը թույլ չի տալիս», - հեգնում է ադրբեջանական «Թուրան» գործակալության մեկնաբանը:

Ադրբեջանում, այդուհանդերձ, անպատասխան չեն թողել Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունները. Միլի մեջլիսի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը անթույլատրելի է համարել ռուսաստանցի դիվանագետի որակումները՝ նրան մեղադրելով հայամետ լինելու մեջ:

«Երևի Զախարովան շատ է անհանգստացել Մամեդովի ճշմարիտ խոսքերից», - հայտարարել է ադրբեջանցի խորհրդարանականը: