Ադրբեջանը կիրակի օրը խոշոր զորավարժություն կսկսի

Ադրբեջանի զինված ուժերի զորավարժություններ ղարաբաղյան շփման գծի մերձակայքում, արխիվ

Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 19-24-ը զորքերի կառավարման մարմինների, զորամիավորումների և զորամասերի մասնակցությամբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ կանցկացնեն՝ «համաձայն պատրաստության 2016 թվականի պլանի»: Այդ մասին հաղորդում է APA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ անցկացվելիք զորավարժություններում ներգրավված կլինի մոտ 25 հազար զինծառայող, ավելի քան 300 միավոր տանկ և զրահամեքենա, ավելի քան 100 միավոր հրթիռային և հրետանային կայանք, մինչև 40 միավոր ռազմական ավիացիա և հակաօդային պաշտպանության 30-ից ավելի համակարգ, ռազմածովային և հատուկ նշանակության ուժերի միավորումներ:

Զորավարժությունների անցկացման շրջաններն են զինավարժարանները «ճակատամերձ գոտում» և Նախիջևանում, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածը:

Որպես զորավարժությունների առանձնահատկություններ՝ նշվում է, որ դրանք «անցկացվելու են նոր տեխնոլոգիական միջոցների և սպառազինության կիրառմամբ՝ հաշվի առնելով պայմանական հակառակորդի պաշտպանության ուժեղ համակարգը»:

Զորավարժությունների փուլերից մեկով նախատեսված է մարտական հրաձգություն: