Սուրիկ Խաչատրյանը՝ «առավելագույն պարտաճանաչ մարզպետներից մեկն է»

Տարածքային կառավարման և զարգացման նախարարն ասում է՝ երեք ամսվա ընթացքում «որևէ անբարեկիրթ վարմունք» Սյունիքի մարզպետի կողմից չի տեսել:

Սուրիկ Խաչատրյանը՝ «առավելագույն պարտաճանաչ մարզպետներից մեկն է»։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասում է՝ երեք ամսվա ընթացքում «որևէ անբարեկիրթ վարմունք» Սյունիքի մարզպետի կողմից չի տեսել:

Լոքյանի համոզմամբ, Հայաստանում 20 տարի առաջ ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը դեռ չի կայացել:

Նախարարն ասում է, որ հատկապես փոքր համայնքներում ավագանին հիմնականում ձևական բնույթ ունի և չի կատարում իրեն վերապահված լիազորությունները, մինչդեռ համայնքի ղեկավարներն էլ երբեմն չարաշահում են իրենց լիազորությունները։ Օրինակ, Արմավիրի մարզում համայնքապետն իր հայեցողությամբ բնակիչներից մի քանիսին ազատել էր գույքահարկից։ - «Մենք պարտադրեցինք վերականգնել, մարզպետին հանձնարարեցինք համապատասխան միջոցներ ձեռնարկել տվյալ համայնքապետի նկատմամբ», - շարունակեց նա:

Այդ խնդիրն ինչ-որ չափով կլուծվի համայնքների խոշորացման միջոցով, որի մեկնարկն արդեն տրված է, ասում է Դավիթ Լոքյանը՝ վստահեցնելով, որ առաջիկա ամիսներին արդեն արդյունքը կերևա Հայաստանի երեք մարզերում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, որտեղ մի քանի գյուղեր միավորվեցին։

«Խոշորացման գաղափարական կարևոր ազդեցություններից մեկը այդ տնայնավարությունը վերացնելու խնդիրն է, այսինքն՝ ընտրված գյուղապետը իր հետ միասին ընտրում է որոշակի ավագանի, որը կատարում է հանձնարարություններ, ոչ թե վերահսկում է բյուջե, ոչ թե ֆիքսում է ինչ գործառույթներ պիտի իրականացնի համայնքապետը», - պարզաբանում է Լոքյանը:

Երեկ դաշնակցական նախարարի ղեկավարած գերատեսչությունը համաձայնագիր է ստորագրել Եվրախորհրդի ներկայացուցիչների հետ և համաձայնել մոնիտորինգի տակ առնել մարզպետարանների ու համայնքապետարանների աշխատանքն ու օրենսդրական փոփոխությունների միջոցով ուժեղացնել տեղական ինքնակառավարման համակարգը:

«Ազատության» հարցին՝ ինչպե՞ս են մոնիտորինգի տակ առնելու, ասենք, Սյունիքի մարզպետին, ով, իրավապաշտպանների պնդմամբ, շատ դեպքերում կամայական վարքագիծ է դրսևորում և հաճախակի հայտնվում սկանդալային պատմություններում, Դավիթ Լոքյանը պատասխանեց․ - «Կարող եմ մեկ բան ասել․ ես մարզպետին տեսնում եմ որպես առավելագույն պարտաճանաչ մարզպետներից մեկը: Եվ ես չեմ տեսել, այս երեք ամսվա ընթացքում, որևէ անբարեկիրթ վարմունք մարզպետի կողմից»:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի հետ կապված քրեական գործերին, որոնց առիթով մարզպետը մեկ անգամ հրաժարական տվեց և ազատվեց աշխատանքից, որից հետո, սակայն, վերանշանակվեց նույն պաշտոնում, նախարարն ասաց. - «Անցած ժամանակ է դա, և դրա հետ կապված ես որևէ պատասխան չեմ կարող ձեզ տալ»:

Թե ի՞նչ արդյունք կտա Եվրախորհրդի պահանջների կատարումն առաջիկա չորս տարիներին, դեռևս հայտնի չէ, սակայն տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասում է՝ այսօր եղածը չի բավարարում համայնքների զարգացմանը, «կյանքի պայմանների լուրջ փոփոխություններ չկան»․ - «Կան մոռացված համայնքներ, ունենք ծայրամասեր, որտեղ լուրջ անհամաչափություն գոյություն ունի: Բայց որ փոփոխությունները նկատելի են՝ սա միանշանակ է»:

Սեպտեմբերին Գյումրիում և Վանաձորում քաղաքապետ և ավագանի են ընտրելու։ Նախարարը, կարևորելով առաջին անգամ համամասնական ընտրակարգով ընտրությունների անցկացումը, նշում է՝ փորձելու են ամեն ինչ անել «ազատ, արդար ընտրություններով երկու խոշոր քաղաքներում լավագույն ավագանի ձևավորելու համար»։