Էրդողան․ Գերմանիան ամենավերջին երկիրն է, որը իրավունք ուներ Թուրքիայի դեմ նման քվեարկություն անցկացնել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը անցած շաբաթ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Գերմանիային ուղղված հերթական կոչն է հնչեցրել:

«Հե՜յ, Գերմանիա, տե՛ս, նորից եմ ասում․ նախ և առաջ Հոլոքոստի, Նամիբիայում ավելի քան 100 հազար նամիբիացու ոչնչացնելու, սպանելու հաշիվն ես տալու»,- հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Սաբահադդին Զաիմ համալսարանի ավարտական միջոցառման ժամանակ: Նա նշել է, որ Գերմանիան ամենավերջին երկիրն է, որը իրավունք ուներ Թուրքիայի դեմ նման քվեարկություն անցկացնել:

Էրդողանը, հիշատակելով Ռուանդայի կոտորածները, Եվրոպայի կողմից աֆրիկյան երկրների նկատմամբ վարած գաղութատիրական քաղաքականությունը, ևս մեկ անգամ ընդգծել է, որ Թուրքիայի պատմությունը մաքուր է, այն ոչ թե կոտորածների, այլ գթասրտության պատմություն է: Թուրքիայի նախագահը կրկին անդրադարձել է արխիվների բացման հարցին` նշելով, որ ցանկացած երկրի պատմաբաններ, հնագետներ և իրավաբաններ կարող են գալ և ուսումնասիրել դրանք:

Թայիփ Էրդողանը իր ելույթում չի մոռացել նաև Թուրքիայում բնակվող շուրջ 100 հազար հայերին:

«Սրանց կեսը մեր քաղաքացիներն են, մյուս կեսը` ոչ: Հայաստանից եկածներին մեր երկրում հյուրընկալել ենք այնպես, ինչպես Սիրիայից, Իրաքից եկածներին: Ինչպե՞ս կարելի է ներել Թուրքիայի գթասիրտ վերաբերմունքի դիմաց ստացված պատասխանը: Եթե մենք հայերին թշնամի համարող մի երկիր լինեինք, ապա բոլոր եկածներին հետ կուղարկեինք Հայաստան»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:

Խոսելով Գերմանիայի խորհրդարանի ընդունած որոշման մասին` Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան չի պատրաստվում հանդուրժել, որ ցեղասպանության հարցը ամեն անգամ որպես ճնշման միջոց օգտագործվի: Էրդողանը հարցականի տակ է դրել Բունդեսթագում ներկայացված և ցեղասպանությունը ճանաչող բանաձևին կողմ քվեարկած ծագումով թուրք պատգամավորների ազգային պատկանելիությունը: «Ի՞նչ թուրք: Նրանց արյունը պետք է լաբորատոր փորձաքննության ենթարկել»,- ասել է Էրդողանը` ազգությամբ թուրք պատգամավորներին մեղադրելով Քուրդիստանի բանվորական կուսակցության հետ առնչություն ունենալու մեջ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերտը այսօր պատասխանել է Թայիփ Էրդողանի քննադատությունների շարանին: Նա հայտարարել է, որ անցած շաբաթ ընդունված բանաձևը Սահմանադրության հովանու ներքո ժողովրդավար ճանապարհով ընտրված, անկախ խորհրդարանի քաղաքական նախաձեռնություն է:

«Բունդեսթագը սուվերեն որոշում է կայացրել, և այն պետք է հարգել», - ասել է Մերկելի խոսնակը` հավելելով, թե սա է այն ուղերձը, որ կանցլերը փոխանցել է Թուրքիայի նախագահին:

Իսկ Բունդեսթագի ծագումով թուրք 11 պատգամավորների դեմ այս օրերին հայհոյանքների ու մահվան սպառնալիքների ալիք է բարձրացել Թուրքիայում: Իշխանամետ թուրքական «Սաբահ» պարբերականի առաջին էջին այսօր այդ պատգամավորներին Թուրքիայի քաղաքացիությունից զրկելու կոչեր են: Թուրք ազգայնականների հիմնական թիրախն էլ Կանաչների կուսակցության համանախագահ, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախաձեռնողներից Ջեմ Օզդեմիրն է: Վերջինիս ներկայացուցիչ Մարկ Բերտհոլդը երեկ հայտարարել է, որ պատգամավորը երբեք այսքան սպառնալիքներ չէր ստացել: Գերմանական պարբերականները գրում են, որ Օզդեմիրի տան մոտ անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել: