Զինծառայողի մահվան գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը

Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Դերենիկի Հարությունյանի մահվան դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող։

«Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը ստացել է մարտական դիրքում կրտսեր սերժանտ Ա. Խաչատրյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցից», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում։

Կրտսեր սերժանտը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ Նախաքննությունը շարունակվում է։

Ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Խորեն Հարությունյանը N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում հայտնաբերվել է երեկ 9:15-ի սահմաններում՝ կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։