Սերժանտի սպանության գործով մեկ անձ կալանավորվել է, ևս մեկը՝ ձերբակալվել

Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) իններորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Գևորգյանի սպանության բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքում բացահայտվել է մեկ այլ հանցագործություն։

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինն իր հաղորդագրությունում հիշեցնում է, որ մայիսի 25-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի բուժկետ է ընդունվել ժամկետային զինծառայող, սերժանտ Հակոբ Արայիկի Գևորգյանը՝ «կրծքավանդակի առաջային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ: Վերջինս «Մեղրու ԲԿ» տեղափոխվելու ճանապարհին ժամը 15:55-ի սահմաններում մահացել է: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով` «սպանություն», կազմվել է քննչական խումբ։

«Նախնական քննության տվյալներով՝ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն մի քանի զինծառայողի միջև, որը վերածվել է ծեծկռտուքի։ Նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ նշված միջադեպի ժամանակ ժամկետային զինծառայող Գ. Կոսոբոգլյանը ձեռքերով, ոտքերով հարվածներ է հասցրել Հ. Գևորգյանի մարմնի տարբեր մասերին, իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով հարվածել նրա կրծքավանդակի ձախ հատվածին, ապա մարմնական վնասվածք պատճառել մեկ այլ զինծառայողի՝ շարքային Ա. Կարապետյանին», - ասված է հաղորդագրությունում:

Ապացույցների հիման վրա՝ Կոսոբոգլյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, 359-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում, որը կատարվել է երկու և ավելի անձանց նկատմամբ»։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

«Քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրվել նաև Գ.Կոսոբոգլյանի նկատմամբ։ Նրան ծեծելու կասկածանքով ձերբակալվել է նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող՝ ավագ սերժանտ Ս. Կարապետյանը», - փոխանցում է Քննչական կոմիտեն:

Նախաքննությունը շարունակվում է։